Ե՞րբ կտեղափոխվի Հայաստան Սերժ Սարգսյանի եղբորորդին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ Պրահայում հայտնաբերված Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, Չեխիայի իրավապահները որոշել են հանձնել Հայաստանին։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելու շուրջ ընթանում են բանակցություններ, որից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին. «Եթե կան տեխնիկական հարցեր, ապա կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել։ Երբ կլուծվեն տեխնիկական հարցերը, նրան կտեղափոխեն»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանք ապօրինի իրացնելու հանցակազմի հատկանիշներով։ Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։

Մեկ տարի առաջ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայում, նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս