Դատախազությունը պատրաստ է կազմակերպել Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրություն ունեցող կնոջ ընդունելությունը. Գոռ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, ՀՀ Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացի Մայրանուշ Երանոսյանի կողմից արված հայտարարությունների կապակցությամբ, հաշվի առնելով նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված տեղեկատվությունը, անհրաժեշտ եմ համարում հավելյալ մի քանի դիտարկում անել:

Նախ՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով, քննությամբ ստուգվում են հնարավոր բոլոր վարկածները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Երկրորդ՝ նախաքննության ընթացքում տուժողի՝ Հակոբ Երանոսյանի մայրը՝ Մ. Երանոսյանը և կինը` Ց. Բարսեղյանը, գրեթե միաժամանակ դիմել են տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար: Համապատասխան դատավարական գործընթացներն իրականացնելու նպատակով քննիչը կապ է հաստատել Մ. Երանոսյանի հետ, ով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս է գալիս: ՍԷԿՏ համակարգի միջոցով պարզվել է, որ նա դուրս է եկել Հանրապետությունից: Նման պայմաններում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան դիմում ներկայացվել է նաև տուժողի կնոջ կողմից՝ որոշում է կայացվել վերջինիս տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Երրորդ՝ հետագայում տիկին Երանոսյանի կողմից ներկայացվել են նույնաբովանդակ դիմումներ իրեն որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Ինչպես այդ դիմումների պատասխաններում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած ընդունելության ժամանակ նրան պարզաբանվել է, որ այդ որոշումը վերացնելու օբյեկտիվ հիմքեր չկան: Միևնույն ժամանակ, պարզաբանվել է, որ եթե խնդիրը քրեական գործի նախաքննութան ընթացի մասին տեղեկացված լինելն է, ապա ցանկացած պահի համապատասխան դիմումի հիման վրա թույլատրելիի սահմաններում նրան կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ունենալու դեպքում քննության ցանկացած փուլում կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին որպես վկա իրեն կանչելու և հարցաքննելու խնդրանքով:

Այսինքն՝ ՀՀ դատախազությունը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանել է Մ. Երանոսյանի գրավոր դիմումներին, այլ նաև կազմակերպել է նրա ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ինչպես ընթացող նախաքննության, այնպես էլ նրա կողմից բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ մատչելի և հասկանալի կերպով անհրաժեշտ պարզաբանումները տալու նպատակով:

Սակայն, հաշվի առնելով նրա կողմից ներկայումս հարցեր բարձրացնելու հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է նրա բանավոր կամ գրավով կերպով արտահայտված ցանկության դեպքում կազմակերպել նրա ընդունելությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ինքնահրկիզվել փորձող կնոջ որդու մասին:




Լրահոս