Որոնք կլինեն Սամվել Բաբայանի հետագա քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի վարչական դատարանը հետաձգել է որոշումը` կապված Արցախի քաղաքացիությունից ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանին զրկելու որոշման հետ: Նշենք, որ Սամվել Բաբայանը դատարանում վիճարկում է այդ որոշման օրինականությունը, ըստ այդմ, նաեւ իր իրավունքների վերականգնումը:

Սակայն հետաքրքիր է, որ Սամվել Բաբայանի համար նման որոշումն անակնկալ չէր, եւ չի բացառում, որ հաջորդ` հունվարին տեղի ունենալիք դատական նիստը եւս հետաձգվի: «Ես վերադարձել եմ եւ չեմ պատրաստվում լռել: Այսինքն` պայքարելու ենք մինչեւ վերջ, գնալու ենք դատարանի դրական որոշումներին հասնելուն», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Բաբայանը:

Չնայած Արցախի խորհրդարանը հրաժարվեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով հնարավորություն կտրվեր Սամվել Բաբայանին մասնակցել 2020 թվականին սպասվող նախագահական ընտրություններին, իսկ վարչական դատարանն էլ անընդհատ հետաձգում է համապատասխան որոշումները, սակայն Բաբայանը չի պատրաստվում հանձնվել: «Վարչական դատարանը չի մերժել դեռեւս իմ պահանջը, այլ երկարաձգել են, որովհետեւ ռազմական գերատեսչությունից, զինկոմիսարիատից ինձ հանելու հետ կապված դեռեւս «զապռոս» (հարցում) են տվել, որ փաստաթղթեր ներկայացնեն, թե ինչ օրենքի համաձայն են ինձ հաշվառումից հանել: Սպասում ենք, որ հենց այդ «զապռոսի» պատասխանները ստանանք, որ արդեն իմանանք, թե ինչ է եղել: Ոչ մի բան այս պահին մերժված չէ, ամեն ինչ նոր է սկսվում», – նկատեց Բաբայանը:

Ինչ վերաբերում է մինչեւ վերջ պայքարելու մասին Բաբայանի հայտարարություններին, նա նշեց, թե դրանով նկատի ունի, որ պայքարելու են միայն դրական լուծման համար: «Ըստ օրենքի` մենք ճիշտ ենք: Ասենք, ո՞նց եք պատկերացում, եթե մարդը դիմում է զինկոմիսարիատ, որ հաշվառումից հանեն, տեղափոխեն այլ երկիր, չեն անում, իսկ իմը առանց դիմումի դա կատարվել է: Պետք է բացատրություն տան, թե ինչն է հիմքը», – շարունակեց Բաբայանը:

Ըստ էության, եթե Արցախի վարչական դատարանը որոշում կայացնի` ի օգուտ Սամվել Բաբայանի, ապա վերջինս կկարողանա մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն անկախ այդ որոշումից` նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, ընդ որում` մեծ հույսեր ունենալով:

«Եթե դատարանը որոշի, որ դա անօրինական է, նշանակում է, որ հաշվառումից էլ են անօրինական հանել, որովհետեւ Երեւանում հաշվառվելուց մի քանի օր առաջ անգամ ինձ արդեն հանել էին Արցախի հաշվառումից: Սակայն դրա իրավունքը չկար, եւ ստացվում է, որ ինձ անօրինական են հանել հաշվառումից, եւ դա պետք է վերականգնվի, որից հետո էլ կվերականգնվի իմ բոլոր քաղաքացիական իրավունքները, դրանով իսկ կհաստատվի, որ ես իրավունք ունեմ մասնակցելու նախագահական ընտրություններին: Սակայն, անկախ դրանից, մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին, գիտեք, որ կուսակցությունն արդեն նախապատրաստական աշխատանքներ է կատարում, եւ, կարծում եմ, մասնակցելու դեպքում մեծ հաջողություն կունենանք», – նշեց նա: Բաբայանի խոսքով` փորձ է արվում խոչընդոտել իր մասնակցությունը, քանի որ ակնհայտ է, որ մեծ շանսեր կան:

Սակայն Սամվել Բաբայանն ու իր թիմը չի պատրաստվում հանձնվել նաեւ Վարչական դատարանի բացասական պատասխանի պարագայում, եւ, վերջինիս խոսքով, իրենց բոլոր քայլերը ծրագրված են հերթականությամբ: «Ամբողջ քայլերը ծրագրված են` անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու: Սակայն ընդգծեմ ամենակարեւորը` մենք չենք ցանկանում ցնցումներ, մենք միայն ցանկանում ենք համախմբված առաջ գնալ: Սա բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ ընտրություններից դուրս գանք համախմբված», – եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով Արցախում գտնվող Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը միայն 2019 թվականի փետրվարին էր իմացել, որ Արցախի իշխանություններն իրեն տարիներ առաջ զրկել են քաղաքացիությունից: Նա հենց այդ տեղեկությունն իմանալուց առաջ էր հայտարարել 2020 թվականի գարնանը կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Մինչդեռ, ըստ Ղարաբաղի Սահմանադրության, նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Ղարաբաղում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս