Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հանքարդյունահանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Բայց տարբերությունն այն է, որ հարկատուները ավելացրել են հարկերը:
Նախ` արձանագրենք, որ մեր հանրապետությունում հազար խոշոր հարկատուների մեծ մասը կա՛մ ծխախոտ արտադրողներ են կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրողներ, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցողներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:
Այսինքն` մեր երկրում այդպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը չի զարգանում, հակառակը` ընկերություններ կան, որոնք, չդիմանալով ֆինանսական բեռին, սնանկ են ճանաչվում: Այսպես, կարելի է արաձանագրել, որ Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք կա՛մ բենզին են ներկրում, կա՛մ ծխախոտ են արտադրում, կա՛մ պղինձ են արդյունահանում:
Այստեղ տեղին է հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա ուղիղ մեկ տարի առաջ մի առիթով ասաց. «Այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է: Եվ մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ դա որեւէ կերպ չի կարող ընդունելի համարվել: Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը»: Բայց այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջատարը դարձյալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությամբ է զբաղվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը վճարել է 29 մլրդ 504 մլն դրամ հարկ ու տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը եւս ցանկի առաջատարն է եղել` վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Բայց նկատենք, խոշոր հանքարդյունաբերողն ավելի քան 4 մլրդ 862 մլն դրամով ավելացրել է հարկերը:
բ. Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամ: Ծխախոտ արտադրողը, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 11 մլրդ 581 մլն դրամով ավելացրել է հարկերը: Ակնհայտ է, որ ծխախոտ արտադրող ընկերություններ հարկային վճարումներն ավելացրել են հատկապես արտահանման ծավալների ավելացման հաշվին:
գ. Ծխախոտ արտադրողին հաջորդում է ծառայություն մատուցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նախորդ ընկերությունների նման «Գազպրոմ Արմենիա»-ն եւս զգալի ավելացրել է հարկերը. եթե այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 22 մլրդ 794 մլն դրամի հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ վճարումները կազմել են 20 մլրդ 736 մլն դրամ:
դ. Ցանկի չորրորդ հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է` 9 մլրդ 455 մլն դրամ հարկ ու տուրքով: Նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականի առաջին կիսամյակում հազար խոշորների ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը` վճարած 5 մլրդ 839 մլն 461 հազար դրամ հարկով:
ե. Խոշորների ցանկի 5-րդ տեղը գլխավորում է Հայաստանի մյուս հանքարդյունահանող ընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, որը պետական բյուջե առաջին կիսամյակում վճարել է 9 մլրդ 127 մլն դրամ հարկ: Այս ընկերությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է հարկային վճարումները:
զ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հազար խոշորների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է ցանկի 6-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել է 7 մլրդ 793 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը ցանկի 9-րդ տեղում է եղել` 6 մլրդ 518 մլն 918 հազար դրամ հարկային վճարումներով:
է. Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերության համար այս տարի կարծես թե լավ է սկսվել. ընկերությունը ավելացրել է հարկային վճարումները: Այսպես, 2019 թվականի առաջին կիսամյակում հայտնվել է ցանկի 7-րդ տեղում, իսկ պետական բյուջե վճարել է 7 մլրդ 601 մլն դրամ հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում 14-րդ տեղում էր` 4 մլրդ 839 մլն 849 հազար դրամ հարկային վճարումներով:
ը. Ցանկի 8-րդ տեղում է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը` 6 մլրդ 553 մլն դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 731 մլն դրամ հարկ: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է տրիկոտաժե ներքնազգեստի եւ գուլպեղենի մեծածախ առեւտրով:
թ. Ծխախոտի ներկրող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, հակառակը, նվազեցրել է հարկային վճարումները. եթե անցած տարվա առաջին կիսամյակում ընկերությունը զբաղեցրել է 6-րդ տեղը`վճարելով 8 մլրդ 155 մլն դրամ հարկ ու տուրք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն գտնվել է 9-րդ տեղում եւ կատարել է 5 մլրդ 180 մլն դրամի հարկային վճարումներ:
ժ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկային վճարումները. այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 5 մլրդ 159 մլն դրամի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 մլրդ 861 մլն դրամի հարկային վճարումներ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է հայրաքաղաք համարվող Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծել:
Այսպես, ազատ տնտեսական գոտին կստեղծվի Գյումրիի Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 եւ Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքներում: Կառավարությունը հույս ունի, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման արդյունքում օտարերկրյա ներդրումները կավելանան, բացի այս, նոր աշխատատեղեր կբացվեն: Հիշենք` Կարեն Կարապետյանի կառավարությունը եւս ոգեւորված էր Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ: Երկու տարի է անցել, բայց Մեղրիի ազատ տնտեսական գոտին դեռեւս գործունեություն չի իրականացնում: Թե երբ տնտեսական գործունեություն կծավալի, հայտնի չէ: Հուսանք` Գյումրիի ազատ տնտեսական գոտին եւս չի արժանանա Մեղրիի ԱՏԳ-ի ճակատագրին: Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2009 թվականին հայտարարել էր, որ Գյումրիում ստեղծելու է ազատ տնտեսական գոտի, սակայն նրա խոսքն էլ գործ չդարձավ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ` ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 40 տարի է: Իսկ գոտու կազմակերպիչ կառավարությունն առաջիկայում կճանաչի «Եվրասիական Լոգիստիկ Պարկ ազատ տնտեսական գոտի» ընկերությանը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ազատ տնտեսական գոտում գործունեության ոլորտները կլինեն բազմամյա մշակաբույսերի աճեցում, բերքի մշակում բերքահավաքից հետո, սննդամթերքի, մանագործական արտադրատեսակների, հագուստի, դեղագործական արտադրանքի արտադրություն եւ այլն:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Կենտրոնական բանկը արժութային դիլլեր-բրոքերային ծառայություններում մտադիր է առաջիկայում նոր կարգ սահմանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ: Փոխարենը նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Այսկերպ Կենտրոնական բանկը փորձում է սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Ավելին` ըստ ԿԲ-ի` նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎԱՐԻՉԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ՝ ԴԱՏՎՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. հունիսի 26-ին մեկնարկել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Էդվարդ Ֆրանգուլյանի եւ Երեւանում գրանցված, 1964թ. ծնված Վանուհի Ասիլբեկյանի դատավարությունը:
Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, 2017թ. հուլիսի 14-ին կամ 15-ին, նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված հանցավոր արարքը թաքցնելու եւ պատասխանատվության չենթարկելու նպատակով պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող, Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ կեղծ գրառումներ են կատարել: Վ. Ասիլբեկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ եւ պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, 2017թ. հուլիսի 14-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք:
2017թ. հուլիսի 14-ի վաղ առավոտյան 23-ամյա Էլինա Սաղոյանը ընդունվել է Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունք, ուր այդ օրը երեկոյան Էլինայի ծննդաբերության ժամանակ նրա նորածին երեխան մահացել է: Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Վ. Ասիլբեկյանին` 130 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. հունիսի 4-ին Էդվարդ Ֆրանգուլյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել հետեւյալ պահանջներով` անվավեր ճանաչել «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի` Էդվարդ Ֆրանգուլյանին «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնից ազատելու մասին 2019թ. մայիսի 3-ի թիվ 76 հրամանը եւ 2019թ. մայիսի 14-ի «Խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 92 հրամանը, բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանահատվածի միջին աշխատավարձը, վերականգնել նախկին աշխատանքում:
Օգոստոսի 7-ից սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստեր են կայանում: Իջեւանի ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ Էդվարդ Ֆրանգուլյանը այժմ որպես բժիշկ աշխատում է այդ ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքում, այդտեղ շարունակում է աշխատել նաեւ Վանուհի Ասիլբեկյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ