«Լավրովի պլան» գոյություն չունի. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ճգնաժամային խումբը՝ ICG-ն «Դուրս գալ Լեռնային Ղարաբաղի փակուղուց» վերնագրով ծավալուն զեկույց է հրապարակել Արցախի հակամարտության մասին, որտեղ մի շարք հետաքրքիր բացահայտումներ կան:

Մասնավորապես, զեկույցում նշվում է. ««Լավրովի պլանը» ենթադրում է Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայում: Հիմա հնարավորություն է ստեղծվել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով փակուղային բանակցությունները Բաքվի և Երևանի միջև: Դրա համաձայն՝ չնայած կողմերը հեռու են միմյանցից, բայց բանակցությունները կարող են կանխել նոր էսկալացիան և հիմք ստեղծել հակամարտության վերջնական լուծման համար»:

Ենթադրյալ «Լավրովի պլանի» հնարավոր իրականացման և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը  զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Դժբախտաբար, ճգնաժամային խումբը վերջին տարիներին զեկույցներ է ներկայացնում, որոնք գնալով դառնում են իրականությունից կտրված, ժամանակ է եղել, որ ավելի օբյեկտիվ էին: Նախ և առաջ, «Լավրովի պլան» գոյություն չունի, հետո՝ ի՞նչ է նշանակում զորքերի տեղակայում. դա այն հարցն է, որը պետք է որոշվի կողմերի և այլ լուրջ կառույցների համագործակցության արդյունքում, պարզապես սենսացիաներով հանդես գալը  ճիշտ չէ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ճգնաժամային խմբում շատ ուժեղ են Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունները, քանի որ նրանք այնպիսի թեմաների են անդրադառնում, որոնք համընկնում են թուրքական մոտեցման հետ:

«Մենք շահագրգռված ենք, որ ցանկացած զեկույց լինի հնարավորինս օբյեկտիվ, բայց մի կողմից էլ կան ֆինանսական գայթակղություններ: Ի դեպ, հենց այդ խումբը 2015 թվականի դեկտեմբերի զեկույցում չկարողացավ կանխատեսել պատերազմը այն դեպքում, երբ երկու կողմերը պարզապես գնում էին առճակատման: Ես ասում եմ այն, ինչ կա»,- նշեց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ճգնաժամային խումբն աշխատում է որոշակի ուղղորդվածությամբ, քանի որ խմբում  կան և՛ ադրբեջանցի, և՛ թուրք փորձագետներ:

Հարցին՝ ինչ իրավիճակ է այս պահին սահմանին, Դավիթ Բաբայանն ասաց, որ Պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողկանությունը. «Ընդհանուր առմամբ նորմալ է»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս