17-ամյա ընկերոջը սպանած երիտասարդը խոստովանել է եղելությունը. դանակը Բարեկամության մետրոյում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ տղա։

Պարզվել էր, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Էդիկ Բեգլարյանն է, իսկ դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող չգործող տպարանի հարևանությամբ, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ սպանություն կատարելու կասկածանքով երեկ բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝ աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք:

ArmLur.am-ին կասկածյալի ցուցմունքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա խոստովանել է, որ ինքը դանակահարել է հասակակցին, դանակը նետել է Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի մոտ գտնվող աղբամանի մեջ: Այս պահին իրավապահները Սովետաշանի աղբանոցում դանակն են փնտրում:

Որոշ հրապարակումների համաձայն՝  Էդիկ Բեգլարյանը հանդիպել էր կասկածյալին՝ իր՝ նախապես փոխանցած ոսկյա շղթան վերցնելու համար, սակայն ժամադրությունը ողբերգական ավարտ է ունեցել:

Պարզվում է՝ կասկածյալը գրավադրել էր ոսկյա շղթան, ապա՝ վաճառել: Ըստ երևույթին՝ դրա հետ կապված երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։




Լրահոս