Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ։Աս մասին սոցցանցի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ։ Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց, որ բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նա նշեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, աշխատանքներն արվում են․ «Հասկանում եք, որ այդ աշխատանքը տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, որ բոլոր մանրամասներով պիտի ներկայացնենք։ Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ կապի մեջ են, և, երբ անհրաժեշտ կլինի, նաև հանդիպում ենք, քննարկում ենք, զրուցում ենք»։




Լրահոս