Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը պատժվում է ազատազրկմամբ. ԱԺ-ն ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:

Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ,

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:




Լրահոս