Այսօր Սուրբ Սարգսի տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 8-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը դեռ փետրվարի յոթից բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում:

Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:




Լրահոս