Տավուշում հորատանցքեր կբացեն․ խմելու ջրի հարցը՝ օրախնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում սուր է խմելու ջրի խնդիրը: Այդ հիմնախնդիրը ավելի է սրվել կլիմայի գլոբալ փոփոխությունների, երկրագնդի տաքացման հետեւանքով:

Բանն այն է, որ Տավուշի գյուղերում շատ աղբյուրներ ցամաքել են: Երեւանում փետրվարի 7-ին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց տվեցին Տավուշում խմելու ջրի հիմնահարցի եւ դրա լուծման ուղիների մասին: Մարզպետը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանը 2019թ.-ին երկու անգամ մարզի ջրային ակունքների եւ ջրավազանների ուսումնասիրություններ է կատարել, առաջին հետազոտություններից հետո ձեւակերպվել են առաջնահերթ խնդիրները, սակայն տարեվերջին ստիպված են եղել համայնքներ երկրորդ անգամ խմբեր ուղարկել, որպեսզի համոզվեն, որ ջրահավաք ծավալներն առկա են: Տավուշի մարզպետարանը անցյալ տարեսկզբից համայնքապետարաններից քրոնոմետրաժ է պահանջել, որպեսզի համայնքապետարանները ստուգեն եւ մարզպետարանին տեղեկացնեն առկա ջրային ռեսուրսների մասին:

Այդ նույն աշխատանքը հիմա էլ է կատարվում, որովհետեւ սկսվել են մի քանի ծրագրերի նախագծային աշխատանքները, եւ մարզպետարանը ստիպված է նույն աշխատանքը նորից կատարել: Բնության փոփոխության հետ փոխվել են նաեւ ջրային ծավալները, եւ հարկադրված են հետազոտական նոր գործիքներ օգտագործել: Ինովացիոն առաջարկություն կա մագնիսական դաշտի միջոցով ուսումնասիրելու մարզի լանդշաֆտը եւ գտնելու ջրային նոր ռեսուրսներ: Տավուշի մարզում նախկինում առանձնապես ընդունված չեն եղել հորատանցքերը, բայց հիմա ստիպված են փոխել քաղաքաշինական ռազմավարությունը, հատկապես՝ ջրային ռեսուրսների օգտագործման առումով:

Մարզպետ Չոբանյանը հայտնեց, որ ոռոգման համակարգերի ծավալային մեծացումը հնարավորություն կտա մեծացնել նաեւ խմելու ջրի ջրային ավազանը: Արդեն 30 տարի Տավուշի մարզում տասնյակ հազարավոր հեկտարներ չեն ոռոգվում, ձյան տեսքով ջրային քիչ պաշար կա, նաեւ անապատացում է տեղի ունենում, ջրահավաքը նվազել է: Մարզպետը նշեց, որ իրենք պլանավորել են խմելու ջրի 30-ից ավելի ծրագիր, որից 21-ն առաջնահերթ է: Վերջիններիս թվում են Արճիս, Լճկաձոր, Տավուշ գյուղերի խմելու ջրի ծրագրերը, որոնք նախագծային փուլում են: Հ. Չոբանյանը հայտնեց, որ 2019 թվականին«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակված գումարների մի մասը ուղղվելու է Տավուշի մարզի խմելու ջրի համակարգի բարելավմանը, եւ ինքը հույս ունի, որ այդ համակարգի առաջնահերթ խնդիրները հիմնադրամի աջակցությամբ կլուծվեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս