ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչև 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ և քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել և այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։
Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որևէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։ « Լիազորություններն ստանձնելու պահից մինչեւ սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանիը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որեւէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որեւէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, Սահմանադրական դատարանի 39 նիստ) չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում՝ գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ»,- նշվում է գրավոր պատասխանում։
Նկատի ունենալով գործուղումների նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հետաքրքրությունը՝ մեկ այլ հարցմամբ խնդրել էինք ՍԴ-ից՝ տեղեկացնել, թե արդյոք այս ընթացքում Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղման եւ իր հանդիպումների, քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պատշաճ կարգով տրամադրվել է ՍԴ-ին, թե ոչ։ Ու պարզվեց՝ ոչ միայն մեկնել է, այլ նաեւ իր այցերը գաղտնի է պահել ու հայտնի չէ, թե ում հետ ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Վահե Գրիգորյանը 2019թ դեկտեմբերի 13.26.27.30-ին, 2020թ. հունվարի 15.16.17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշված է ՍԴ-ի ներկայացրած պատասխանում։ Միաժամանակ պաշտոնապես պարզաբանվել է, որ «վերը նշված ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը չի գտնվել արձակուրդում, սահմանված կարգով չի գործուղվել, չի ներկայացրել որևէ տեղեկատվություն քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մինչդեռ՝ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։