Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի անվան թիվ 18 հիմնական դպրոցում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած 208 ձու եւ առանց հայերեն մակնշման, կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացիություն ունեցող, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:
Արմենուհի Դավթյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
ՀԱՐՑ. Ի՞նչ է անձնավորված հաշվարկը:
Ալիսա Հայրապետյան (51 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անձնավորված հաշվարկը ՀՀ կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ է՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են՝
հարկային օրենսդրության կիրառման եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը, մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը եւ հաշվարկ-կանխատեսումների իրականացումը, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը, ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:
Ի դեպ, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են եւ կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտին եւ երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաեւ երրորդ անձանց տրամադրվող տվյալները եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ: