Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է խնդրի առջեւ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում ներկայացրեց եւ, ըստ էության, չցանկացավ աշխատել ԲԴԽ-ի նորանշանակ կազմի հետ:
Անցել է 7 ամիս, սակայն Բարձրագույն դատական խորհուրդի դատավոր անդամի տեղը թափուր է, եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը դատավորների ժողով չի հրավիրում, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորներից Բարձրագույն դատական խորհուրդի անդամ ընտրեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ԲԴԽ-ն դատավորի թեկնածուի հարցով անգամ դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ հայտնելով, որ խնդիր ունեն, պետք է համալրեն դատավոր թեկնածուի հարցը: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը բացատրել է՝ ԲԴԽ անդամներից մեկը բացակայում է կամ գործուղման է գնում, իրենք չեն կարողանում որոշումներ կայացնել: Սակայն նույնիսկ խնդիրը ներկայացելուց հետո Վճռաբեկ դատարանից որեւէ տեղաշարժ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին: