Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարվի, ինչի մասին դատավոր Վահե Միսակյանն այսօր կհայտարարի: Դատախազ Մարտիրոսյանը չի թողնի գործը:

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանն և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Նրանք բոլոր ներկա էին նիստին:

Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Իրավապահները հայտարարել էին՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողագործներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:




Լրահոս