«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն:
Ըստ մեր աղբյուրների, խոսքն այն մասին է, որ զորակոչային տարիքը 18-ից 27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի:
Թեման ինքնին նորություն չէ, քանզի նման ներքին քննարկումներ եղել են նաեւ նախկինում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, թեման վերջին շրջանում նորից սկսել է ակտուալանալ:
Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք այս թեմայով քննարկումներ եղել են, ու արդյո՞ք հիմա իսկապես ակտիվացել են այդ քննարկումները:
«Ընդհանրապես նման քննարկումներ հաճախ են լինում, բայց եթե ասեմ՝ հատուկ դրա համար ինչ-որ օրակարգ է մշակվել, որ այդ հարցը քննարկվի, ո՛չ, չի եղել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։