Ուշադրության կենտրոնում կրկին ԵՊՀ-ն է. պատգամավորը խնդրանքով դիմել է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբացության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է վարչապետին և խնդրել ուսումնասիրել, թե ինչպե՞ս է  ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը։

«Ուշադրության կենտրոնում է կրկին ԵՊՀ-ն։

Պարբերաբար բողոքներ եմ ստանում ԵՊՀ-ից մի շարք խնդիրների առնչությամբ, որոնց վերաբերյալ նամակով արդեն իսկ դիմել եմ անմիջապես ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար, թե ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը, ով ոչ հայտնի գործարար է, ոչ հայտնի մշակութային գործիչ, ոչ էլ հեղինակավոր գիտնական, հայտնի է միայն նրանով, որ մինչ ԵՊՀ ՀԽ նախագահ դառնալը՝ պետական պաշտոն է զբաղեցրել. եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը։ Քանի որ հիմքերը պարզ չեն, ենթադրում ենք, որ Գ. Մուրադյանը նշանակվել է ՀԽ անդամ կանոնադրական խախտումներով։ Միակ հիմնավորումը, որի մասին կարելի է հանդիպել մամուլում, այն է, որ Գևորգ Մուրադյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերոջ քավորն է։

Վարչապետին խնդրել եմ հանձնարարել ուսումնասիրել վերևում նշված իրողությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի հաստատել կամ հերքել վերոգրյալ փաստերը՝ մատնանշելով, թե ի՞նչ հիմնավորումներով և իրավական ի՞նչ հիմքերով է տեղի ունեցել այս ամբողջ գործընթացը»,-գրել է պատգամավորը:




Լրահոս