Armenian text to speach

Շուտով ազատության մեջ կլինի 2007-ի ամենաաղմկահարույց սպանություններից մեկի հեղինակը. ուր են տանում հետքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահի տվյալներով՝ ուղիղ մեկ տարի անց ազատության մեջ կհայտնվի 2007 թվականին հանրապետությունում տեղի ունեցած ամենաաղմկահարույց սպանություններից մեկի հեղինակը՝ այդ ժամանակ վրիժառուի համբավ ձեռք բերած 42-ամյա Հայկ Կարապետյանը:

Ըստ մեղադրանքի՝ նա որոշել էր վրեժ լուծել ընկերոջ՝ Էդուարդ Նիկողոսյանի սպանության համար, իսկ թիրախը Աշոտ Վարդանյանն էր՝  «Քաղցրիկի» Արտյոմը՝ հայտնի գործարար և այդ ժամանակ արդեն մահացած Աշոտ Վարդանյանի երկրորդ որդին:

Առաջին ատյանի դատարանի վճռով Հայկ Կարապետյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման՝ սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով, սակայն հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել էր պատիժը՝ սահմանելով 12 տարվա ազատազրկում: Պատժի սկիզբը սահմանվել էր 2009 թվականի փետրվարի 2-ը:

Իսկ այս սպանության նախապատմությունը ավելի խորն է, քան հնարավոր է պատկերացնել:

Ուր են հասցնում հետքերը

Եվ այսպես, 2007-ի հուլիսի 7-ին Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվել էին 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը (մականունը՝ «Քաղցրիկի» Արտյոմ), նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, եւ վարորդը՝ 43- ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմի դիակը եղել է հոր՝ Աշոտ Վարդանյանի շիրմաքարի մոտ: Վերջինս դրանից մոտ մեկ տարի առաջ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում սպանվել էր օրը ցերեկով:

Այս սպանությունները տրամաբանական շարունակությունն էին մի քանի տարի առաջ սկսված հանցագործությունների, որոնք որոշ բարձրաստիճան իրավապահների հովանավորչությամբ մնացել էին չբացահայտված: Արդյունքում շուրջ երեք տարի վրեժխնդրության հողի վրա մեկը մյուսին հաջորդեցին աղմկահարույց սպանությունները:

Ողբերգությունների սկիզբը

Հորեղբորորդիներ Գագիկ և Աշոտ Վարդանյանների միջեւ համատեղ բիզնեսը կիսելիս առաջացել էր խորը թշնամանք, որը փոխանցվել էր նաեւ նրանց որդիներին: Հակառակ ճամբարներում էին հայտնվել մի կողմից Գ. Վարդանյանի որդին՝ «Բոլերո» շոգեբաղնիքի սեփականատեր Ստեփանը, մյուս կողմից՝ «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վարդանյանի երկու տղաները՝ Արտյոմը և Արթուրը:

Որդեկորույս Գագիկ Նիկողոսյանը այդ ժամանակ hetq.am-ին պատմել էր, որ այս երկու ընտանիքների միջեւ սկիզբ առած վեճ ու կռիվների ժամանակ իր որդին՝ Էդիկը, միշտ «կանգնել է ընկերոջ՝ Ստեփանի թիկունքին»:

Եվ ահա, 2004 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը Էդիկին զանգում է իր մի քանի օրվա ծանոթ Կարեն Գևորգյանը եւ դուրս կանչում:

Հետագայում տաքսու վարորդը ցուցմունք է տվել, որ նրանց Էդիկի տան մոտից՝ Բուզանդի 22 հասցեից, տեղափոխել է 15-րդ թաղամաս, որտեղ էլ վերջիններս մեքենայից իջել ու հանգիստ զրուցելով հեռացել են:

29-ամյա Էդիկին այլեւս ոչ ոք չի տեսել, իսկ Կարենը հաջորդ օրը երեկոյան Երեւան-Մոսկվա չվերթով Հայաստանը լքել է:

Կարենի ծնողները ոստիկանությունում տված ցուցմունքում նշել են, որ այդ օրը նա անընդհատ կրկնել է՝ «ինչի՞ տարա Էդիկին գցեցի դրանց ձեռքը»: Ինչպես պարզվել է հետագայում, «դրանց»-ը Արտյոմ եւ Արթուր Վարդանյաններն են:

Կարենի բջջային հեռախոսահամարի զննումը ցույց է տվել, որ ամեն անգամ Էդիկին զանգելուց առաջ եւ հետո նա բավականին երկար խոսել է Արտյոմի հետ: Իսկ դեպքի օրը վերջինս եղբոր ու վարորդի հետ տանը չի եղել:

Շուտով այս երեք անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որի պետն այն ժամանակ Հովհաննես Թամամյանն էր: Վարդանյան եղբայրները խոստովանել են, որ Կարենին իրենք են ուղարկել Մոսկվա: Սակայն ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի եւ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի միջամտությամբ կասկածյալներն ազատ են արձակվել: Իսկ գործի քննությունը, որը մինչ այդ արդեն իսկ տեղափոխվել էր Մաշտոցի ոստիկանություն, մտել էր փակուղի:

«Որդիս Կենտրոնի բնակիչ էր: Նրա անհետանալու կապակցությամբ ես հայտարարությունը տվել էի Կենտրոնի ոստիկանությունում: Բայց գործը տարան Մաշտոցի բաժին, որ կոծկեն: Սրա հետեւում կանգնած էր Շահումյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Մայիս Անտոնյանը: Առաջ Շահումյանի եւ Մաշտոցի ոստիկանությունները նույն շենքում էին: Հիմա առանձնացվել են: Բայց Մաշտոցում Անտոնյանի կապերն ու ազդեցությունը մնացել են, ու այս գործի շրջանակներում հենց նրա հրահանգով էլ շարժվում են»,- ասել էր Գ. Նիկողոսյանը ու նշել, որ Մ. Անտոնյանը բարեկամական կապի մեջ էր Ա. Վարդանյանի ընտանիքի հետ:

«Կարեն Գեւորգյանը գաղութից նոր էր ազատվել: Նրա անձնագրում վավերացման կնիք չի եղել: Ու Արտյոմենք նրան փախցրել են հենց Անտոնյանի օգնությամբ»,- հայտարարել էր Գ. Նիկողոսյանը:

Մաշտոցի (Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ) դատախազության ավագ քննիչ Հայկ Էյրամջյանը Գ. Նիկողոսյանին վստահեցրել էր, որ Կարենի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Որպես հիմնավորում՝ նա ցույց էր տվել Ինտերպոլի կայքէջից արտատպված մի թուղթ, որի վրա պատկերված անձը, ինչպես Գ. Նիկողոսյանն էր հավաստիացնում, Կարենը չի եղել: Նա պատրաստակամություն էր հայտնել տրամադրել Կարենի իսկական լուսանկարը: Սակայն, այդ առաջարկը չի ընդունվել:

Գ. Նիկողոսյանը փորձել էր Ինտերպոլի կայքէջում Հայաստանից հետախուզվող անձանց ցանկում գտնել Կարեն Գեւորգյան անուն-ազգանունը, բայց դա նրան չէր հաջողվել:

Իրավապահների անգործությա՞ն հետևանքը, թե՞…

2006 թ. սեպտեմբերին Գ. Նիկողոսյանի բջջային հեռախոսին զանգել էր անծանոթ մեկը եւ հայտնել, որ Էդիկի դիակը գտնվում է Ա. Վարդանյանի ամառանոցում: Ըստ զանգողի՝ դիակը սկզբում ծածկվել էր բետոնով, հետո նոր՝ հողով: Անծանոթը հորդորել էր տեղեկությունը հայտնել միայն Հովիկ Թամամյանին, քանի որ «բացի նրանից` այս գործն ուրիշ ոչ ոք չի բացահայտի»: Որդեկորույս հայրն այդպես էլ վարվել էր:

«Թամամյանն անակնալի չեկավ: Ոնց որ արդեն էս ամեն ինչը գիտեր: Ասաց, որ պիտի անպայման դիմեմ դատախազություն»,- հիշում էր Գ. Նիկողոսյանը: Նա դիմել էր գլխավոր դատախազի տեղակալ Մնաց Սարգսյանին: 10 օր անց քննիչ Հ. Էյրամջյանը Գ. Նիկողոսյանին կանչել էր իր մոտ ու պահանջել, որ հեռախոսազրույցի բովանդակությունը գրավոր շարադրի: Այդ ընթացքում, սակայն, Գ. Նիկողոսյանն իր կապերի միջոցով հասցրել էր ճշտել, թե ինչ հեռախոսից են իրեն զանգել, որ համարի քարտով, եւ բացի իրենից` տվյալ քարտով ուրիշ ի՞նչ համարների էին զանգահարել: Այս տվյալները նա փոխանցել էր իրավապահներին: Սակայն անծանոթին գտնելու ուղղությամբ այդպես էլ քայլեր չէին ձեռնարկվել:

Ի վերջո, մոտ երկու ամիս անց իրավապահները Գ. Նիկողոսյանի հետ ուղեւորվել էին Ապարանի Քուչակ գյուղի մոտ գտնվող Արտյոմ Վարդանյանի ամառանոցը:

«Նախօրոք պայմանավորվել էինք, որ պիտի տեխնիկա տանեինք ու ամբողջ հողամասը քանդեինք: Բոլոր ծախսերը ես վերցրել էի ինձ վրա: Բայց հետո թույլ չտվեցին, ու խոսքները փոխեցին»,- այդ ժամանակ Hetq.am-ին պատմել էր որդուն գտնելու համար տուն ու տեղ ծախած Գ. Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ 1400 քմ տարածք ունեցող ամառանոցում 2-3 ոստիկաններ խորովածի շիշը մի քանի տեղ խրել էին հողի մեջ ու հայտարարել, թե տեղեկությունը սուտ է: Մինչդեռ Նիկողոսյանը համոզված էր, որ որդու դիակը գտնվում էր հենց այդ ամառանոցում: Նա անծանոթի հետ ունեցած հեռախոսազրույցից այնպիսի տպավորություն էր ստացել, որ վերջինս անձամբ մասնակցել է Էդիկի «թաղման արարողությանը»:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ

Մինչ իրավապահները ճիգեր էին գործադրել Էդիկի անհետացման գործը քնեցնելու եւ մեղավորներին չբացահայտելու ուղղությամբ, այս գործի շրջանակներում հնչել էին նոր կրակոցներ ու խլել նոր կյանքեր:

2006 թ. հունիսին Աշոտ Վարդանյանի փոքր տղան՝ Արթուրը, կրակում է Արմեն Հակոբյանի ոտքին: Վերջինս Ստեփանի և անհետացած Էդիկի ընկերն է:

«Վիճաբանությունը եղել է տղայիս հարցով: Արմենն ուզեցել է Էդիկի տեղն իմանալ»,- պարզաբանել էր Գ. Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ այս կրակոցից հետո հարուցվել էր քրեական գործ. «Միլիցեքին ի՞նչ է պետք` գործը փակել: Փողով ամեն ինչ կանեն: Ձեւի համար հետախուզում հայտարարեցին, ու դրանով ամեն ինչ վերջացավ»,- ասում էր նա:

Նշենք, որ մինչ այս դեպքը, 2006 թ. մարտի 4-ին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 37 շենքի մոտ հրազենային կրակոցներից օրը ցերեկով սպանվել էր «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը: Սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարվեց 2 երիտասարդների՝ Հայկ Կարապետյանի եւ Վահան Տոնոյանի նկատմամբ:

Մամուլում գրվեց նաեւ, թե վերոնշյալ երկու անձինք Ստեփանի մանկության ընկերներն էին:

Գ. Նիկողոսյանը պատմել էր, որ Ա. Վարդանյանի սպանությունից հետո Ստեփանը լուրջ միջոցներ էր ձեռնարկել հոր անվտանգությունն ապահովելու համար: Նրա ընկերները՝ իբրեւ թիկնազոր, միշտ շրջել են Գագիկ Վարդանյանի հետ: Սակայն հաջորդ կրակոցների համար որպես թիրախ ընտրվել էր հենց ինքը՝ Ստեփանը:

2007 թ. մայիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում երկու երիտասարդներ Ստեփան Վարդանյանի դիակը քարշ տալով տարել էին «Երեւան» բժշկական կենտրոնի ընդունարան եւ, առանց բացատրության, հեռացել: Ստեփանի վրա կրակել էին Շենգավիթ համայնքի 3-րդ մաս թաղամասում գտնվող «Պանդոկ» ռեստորանի դիմաց:

Գ. Նիկողոսյանը վստահ էր, որ այս սպանությունը եւս կազմակերպել էին Արտյոմ եւ Արթուր Վարդանյանները, քանի որ «Ստեփանը նրանցից բացի ուրիշ թշնամի չի ունեցել»:

«Միակ մարդը, որ շահագրգիռ է այս սպանությունների բացահայտմամբ, Թամամյանն է: Դրա համար նա չէր ուզի, որ Գուլյանի մատը փուշ մտներ: Որովհետեւ Ստեփանի սպանության բացահայտողը պիտի Գուլյանը լիներ, միակ վկան նա էր»,- ասում էր Գ. Նիկողոսյանը:

Ինքը՝ Հ. Թամամյանը, Գուլյանի մահվանից հետո մամուլին տված հարցազրույցում բառացիորեն նշել էր. «Սրանք շարունակական սպանություններ են: Առաջինը Էդիկն է, որ չկա: Երկրորդը՝ «Քաղցրիկի» Աշոտը, ում զավակների ձեռքով է Էդիկն անհետացել: Երրորդը՝ Ստեփան Վարդանյանի ընկերոջ վրա կատարված մահափորձը (խոսքն Արմեն Հակոբյանի մասին է-հեղ.): Չորրորդը՝ Աշոտ Վարդանյանի տղայի ընկերների կողմից սպանված Ստեփանն է… Էլի են սպանություններ լինելու, եթե բարձրաստիճան ոստիկանները սրա առաջը չառնեն ու էս սպանությունների շարանը չբացեն»:

Բարձրաստիճան ոստիկանի նման բացեիբաց հայտարարությունից հետո անգամ իրավապահ մարմինները սպանությունների այս շղթան քանդելու կամք չդրսեւորեցին: Եվ Հ. Թամամյանի միանգամայն տրամաբանական կանխատեսումն իրեն երկար չսպասեցրեց:

Հուլիսի 7-ին հոր գերեզմանին այցելած Արտյոմն իր երկու ուղեկիցների հետ սպանվեց: Նա չէր հասցրել նույնիսկ իր հետ գերեզման տարած խունկը ծխեցնել եւ ծաղիկները դնել տապանաքարին: Իսկ մարդասպանը դեպքի վայրում թողել էր արյունոտ ռետինե ձեռնոցներ:

Մամուլն այդ ժամանակ հաճախ էր անդրադառնում երկու հորեղբոր տղաների՝ Գագիկ և Աշոտ Վարդանյանների միջև ծագած խորը թշնամանքի և դրա արդյունքում փոխադարձ ու ֆիզիկական հաշվեհարդարների ողբերգական պատմությանը, որին 2004թ.-ից ի վեր զոհ դարձան 6 հոգի՝ Գ. Վարդանյանի որդու՝ Ստեփան Վարդանյանի ընկերները՝ Էդուարդ Նիկողոսյանը, մյուս ընկերը՝ Արմեն Թարխանյանը, որի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, ինքը՝ «Քաղցրիկ» հրուշակեղենի արտադրամասի սեփականատեր Աշոտ Վարդանյանը, Գագիկ Վարդանյանի տղան՝ մայիսի 9-ին «Պանդոկ» ռեստորանի մոտ սպանված Ստեփան Վարդանյանն ու Երրորդ գյուղի գերեզմանատանը սպանված Աշոտ Վարդանյանի ավագ որդին՝ Արտավազդ Վարդանյանը՝ «Քաղցրիկի Տյոմ», և նրա երկու ուղեկիցները:

Այս վերջին դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին նաև 14 հատ կրակված պարկուճ և մեկ  կրակված գնդակ: Հանցագործը, ըստ ամենայնի, տեղեկացված էր, որ այդ ժամին Աշոտ Վարդանյանի որդին եւ մտերիմները այցելելու են գերեզման:

Մամուլի էջերը թերթելով՝ նկատում ենք այնպիսի դիտարկում, թե տպավորություն կար, որ իրավապահների վրա այս ընտանիքը ուղղակի ծիծաղում էր կամ պատժի անխուսափելիությունը չէր գիտակցում, թերեւս, հե՛նց իրավապահների մեղքով:

Ի դեպ, Ֆրանսիայում 2009 թվականին ձերբակալվել էր միջազգային հետախուզման մեջ գտնվող Կարեն Գեւորգյանը, որի նկատմամբ 2004 թ. Հայաստանում մեղադրանք է առաջադրվել «Սպանության հանցակից» հոդվածով:

Սակայն Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել էր Կ. Գեւորգյանին հանձնել ՀՀ իրավապահներին, եւ կարճ ժամանակ անց վերջինս ազատ է արձակվել: Ֆրանսիացիները, ըստ երեւույթին, առաջնորդվել էին անվտանգության նկատառումներով, քանի որ քրեական գործը, որի շրջանակներում հետախուզվում էր Կարենը, ՀՀ իրավապահների «հսկողությամբ» վերածվեց ընտանեկան վենդետայի, երբ ինքնադատաստանի արդյունքում սպանվեցին 6 անձ, իսկ 7-րդ զոհը ՀՀ ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանն է, որին հարցաքննում էին հիշյալ սպանություններից մեկի դրվագով:




Լրահոս