«Ինձնից վրեժ են լուծում». կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը նոր ընթացք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա նոյեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել դատավոր Գագիկ Հեբոյանին և առաջադրված մեղադրանքը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գագիկ Հեբոյանը մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու համար և դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանցել 1 մլն 714 հազար 160 ՀՀ դրամը, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին մեղսագրվող կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվել է կաշառքի միջնորդության։

Փաստաբանը դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։ Հաշվի առնելով նախաքննության փուլում կալանքի տակ գտնվելու 1 ամիս 5 օրը՝ վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս և 25 օր ազատազրկում։ Դատարանը՝ Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել է անփոփոխ՝ մինչև դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ինչպես հայտնի է՝ դատավոր Գ. Հեբոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանը՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործի քննություն է սկսվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Պաշտպանական կողմը պահանջում է անվավեր ճանաչել առաջին ատյանի դատարանի վճիռը, ճանաչել Հեբոյանի անմեղությունը՝ նրան արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը վեևջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Գրեթե նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացվել նաև դատապարտված փաստաբանի նկատմամբ:

Ի դեպ, նշենք, որ դատավորը ողջ քննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, չի ընդունել մեղադրանքը՝ հայտարարելով, որ նախկինում իր կայացրած վճիռներից մեկի պատճառով իրենից վրեժ են լուծում:




Լրահոս