Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:

«Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:

Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես հայտնում է երրորդ նախագահի փաստաբանը, օրենքով սահմանված կարգով դիմել են դատարան և ստացել երկրից բացակայելու թույլտվություն:




Լրահոս