Մարտի 10-ից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի խումբը սկսել է ակտիվ մարզային եւ երեւանյան հանդիպումները: Այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եւ իր մի քանի թիմակիցների հետ Սյունիքի մարզում էր՝ անձամբ առաջնորդելով քարոզարշավի խմբին: Շրջելով տարբեր համայնքներով՝ նրանք բնակիչներին ներկայացնում եւ բացատրում են, թե ինչու պետք է մասնակցեն հանրաքվեին եւ «Այո» ասեն սահմանադրական փոփոխություններին: Այդպես են վարվում նաեւ «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամները:
Եվ չնայած հանրաքվեի քարոզչությունն ակտիվ մեկնարկել է, սակայն, ուշագրավ է, որ երեւանցիները կարծես թե այնքան էլ չեն հետեւում դրա ընթացքին: Ամեն դեպքում ArmLur.am-ի հարցումների ժամանակ այդպիսի պատկերի ականատես եղան: Մեր հարցվածները նշում էին, թե չեն հետեւում հանրաքվեի ընթացքին եւ, չնայած դրան, հայտարարում էին, թե մասնակցելու են քվեարկությանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այն ընդունվելու պարագայում Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները կդադարեցվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան