«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները մտադրություն ունեն Ընտրական օրենսգրքից հանել համայնքային ընտրությունների դեպքում նախատեսված մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվել է նախագծերի փաթեթը, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում։
Բացի վերը նշված փոփոխությունից, առաջարկվում է անցկացվող մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն։ Այս տոկոսային հարաբերակցությունը գործում է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում։ Եվ եթե այս չափանիշներին համապատասխանում է երեքից քիչ ուժ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։ Անցողիկ շեմը նվազեցնելու եւ բոնուսային համակարգը հանելու որոշումները հետաքրքիր են նաեւ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել էր Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2015 թվականին ընդունված նոր Սահամանդրությունից հետո։ Տեղական ինքնակառավարման մակարդակում առկա է «բոնուսային տեղի» մասին դրույթ, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո «Բալասանյան» դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։
Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից) մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է՝ հօգուտ իշխանությունների։ Նույն իրավիճակը եղավ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետարանում ունեցավ հավելյալ մանդատներ՝ հենց բոնուսային համակարգի շնորհիվ։ Իսկ «Լույս» դաշինքն էլ երեք մանդատ ստացավ երեք ուժի պարտադիր լինելու արդյունքում, քանի որ ստացել էր 4,99 տոկոս ձայն։ Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության դառնալ քաղաքապետ։ Բայց այլեւս չի լինի նման իրավիճակ, եթե իհարկե, այս օրինագիծն ընդունվի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։