Այսօր մեր բանակը զինված է առավել քան երբևէ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարված իրավիճակին։
«Մեր զինվորների մարտունակությունը, սնունդը, գիտակրթական մակարդակը դրված է ամենաբարձր մակարդակի վրա, և հետևաբար չեմ կարծում, որ հակառակորսը կարող է ինչ-որ հանգամանքից օգտվելով դիմել նոր արկածախնդրության»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիվությունը կարող է պայմանավորված լինել նավթի գների ռեկորդային ցածր մակարդակի հետ, և ըստ ամենայնի Ադրբեջանում սպասվում է բյուջեի դեֆիցիտ։
«Տնտեսությունն ապրելու է ռեցեֆիա, ստիպված են պահեստավորված միջոցներից օգտագործել, և մյուս կողմից կորոնավիրուսային հիվանդությունն Ադրբեջանում մեծ տարածում ունի, և այս ամեն ինչից շեղելու համար, ինչպես ասում են՝ «սրիկաների վերջին հանգրվանը, հայրենասիրությունն է», նրանք փորձում են նման միջոցների դիմել, և այն աստիճան է սրիկայությունը հասնում, որ նրանք կրակում են անչափահաս երեխայի և խաղաղ բնակչության ուղղությամբ»,-նկատեց մեր զրուցակիցը։
Գևորգ Պապոյանի կարծիքով ՝ Ադրբեջանի նենգ քայլերին պետք է միջազգային հանրությունն արձագանքի, գնահատականներ տա․ «Իսկ մենք՝ մեր գնահատկանը վաղուց տվել ենք ։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ադրբեջանական զինուժն ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից վիրավորվել էր 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:
Լիդա Եղիազարյան