Քիչ առաջ հայտարարություն տարածեց Արցախի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը՝ ըստ էության հայտնելով նաեւ պայքարից դուրս գալու մասին։ Նա քաղաքացիներին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Այսինքն, նա ոչ թե հայտարարեց երկրորդ փուլին չմասնակցելու կամ հրաժարվելու մասին, այլ բավարարվեց միայն քաղաքացիներին կոչ անելով չգնալ քվեարկության։
Սակայն իրականում նրա այս որոշման հիմքում իրավական կարգավորումներն են։ Նախ ընդգծենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո շրջանառվում էր հենց այն տեղեկությունը, որ Մայիլյանը կհայտարարի պայքարից դուրս գալու մասին։ Այդպիսի կոչով հանդես եկան նաեւ այսօր Ստեփանակերտում բողոքի ցույց անցկացնողները, որոնց մեջ նաեւ կան Մայիլյանի թիմակիցները։
Սակայն Ընտրական օրենսգրքի համաձայն, Մայիլյանն այլեւս չէր կարող հետ կանգնել, եւ այդ պատճառով այդպիսի կոչ արեց։ Բանն այն է, որ օրենսգրքի 85-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ նախագահի թեկնածուն միայն քվեարկությունից տասն օր առաջ մինչեւ 18։00-ն իրավունք ունի դիմում ներկայացնել եւ հանել իր թեկնածությունը։ Այսինքն, ժամկետն ավարտվել է եւ այլ իրավական կարգավորում չկա։ Եվ այս դեպքում Մայիլյանին մնում էր միայն այդպիսի կոչով հանդես գալ։
Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը միայնակ է գնում երկրորդ փուլ՝ առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու։
Նաիրա Հովհաննիսյան