Ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը․ Արսեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․

Հարգելի գործընկերներ, սիրելի հարազատներ եւ ընկերներ,

Որոշում եմ ընդունել ակտիվ զբաղվել քաղաքականությամբ:

Սիրով տեղեկացնում եմ, որ մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու եւ մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը։

Նախկինում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության չեմ անդամակցել ու ոչ էլ հարել։ Բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալել` մեր պետության առանցքային ինստիտուտներում։
Սակայն այսօր, տեսնելով թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային պետական կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ամենօրյա ռեժիմով ընտրովի արդարադատություն և երկակի ստանդարտներ կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների և ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ գիտելիքներս ու փորձս ի սպաս դնելով մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործին։

Ինձ համար հեղափոխությունը, նախևառաջ, արժեքների, այլ ոչ թե անձերի փոփոխություն է, ինձ համար հեղափոխությունը գաղափարական իզմերի պայքար է, այլ ոչ թե գաղափարազուրկ ու պոպուլիստական կարգախոսների մրցավազք, ինձ համար հեղափոխությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ կառավարումն է, այլ ոչ թե ցայտնոտային որոշումներն ու կոլեկտիվ անպատասխանատվությունը։

Սիրելի բարեկամներ, մեզ իրական հեղափոխություն է պետք, մեզ իրական սիրո, համերաշխության, ստեղծագործականության և հանդուրժողականության մթնոլորտ է հարկավոր։

Մենք գալիս ենք մեր Հայրենիքի զարգացման նոր գաղափարներով ու նոր տեսլականով․․․




Լրահոս