Թեմատիկ միջոցառումների մեկնարկը տրվել էր մի քանի օր առաջ: Խոշոր քաղաքների փողոցներում Հայոց ցեղասպանության մասին պաստառներ, գովազդային վահանակներ, սթրիթլայթեր եւ սոցիալական ուղղության այլ տեղեկատվական նյութեր են տեղադրվել, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Այսօրվա ոգեկոչման միջոցառումները մեկնարկել են աղոթքներով Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում: Իսկ Կիեւի կենտրոնում գտնվող խաչքարի մոտ ծաղիկ դնելու արարողությունը տեղի է ունեցել կարանտինի բոլոր կանոններին համապատասխան եւ մասայական բնույթ չի կրել: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի, հոգեւորականության եւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:
Պարբերականի համաձայն` առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ըմռնումը» առցանց դասախոսությունը եւ ինտերակտիվ առցանց ցուցահանդեսն Ուկրաինայի հայերի միության կայքում:
Ըստ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի` միջոցառումները լուսաբանում էին ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային հեռուստատեսությունը, մասնավորապես « Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. Հայեր» սոցիալական տեսահոլովակը հեռարձակվել է տասնյակ հեռուստաալիքներով:
Ավելի վաղ Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչներն կրոնական հուշահարձան` խաչքար էին տեղադրել Ազմոլի միկրոշրջանում: Հայտնի է, որ 2015 թվականից ի վեր Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրի տարբեր շրջաններում դրվել է ավելի քան 20 խաչքար: