Առաջին դեպքն ինձ հետ պատահեց, երկրորդ դեպքն արդեն կա․ Սոֆյա Հովսեփյանը՝ Աժ-ի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովի նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, վերջիններս միմյանց հասցեին հնչեցրերցին փոխադարձ վիրավորանքներ։

ԱԺ փոխնախագահը հանդես եկավ ելույթով, որտեղ կոչ արեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին իր մասին ավելի քիչ խոսել, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն՝ նշելով. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք…»:

Վերոնշյալ միջադեպի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, ում հասցեին ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը նույնպես հնչեցրել էր վիրավորական արտահայտություն՝ կին պատգամավորին խորհուրդ տալով «ամուսնացի՛ր, կանցնի»։

ArmLur.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն ասաց․

«Ես չգիտեմ, թե խորհրդարանում ինչու են տեղի ունենում նմանատիպ երևույթներ։ Ես գտնում եմ, որ նման երևույթներն անընդունելի են, և պետք է շուտափույթ վերջ տրվի դրանց, քանի որ դա կնոջ, մարդու արժանապատվության հարց է, և որևէ մեկը իրավունք չունի կնոջ արժանապատվության հետ խաղալ՝ նմանատիպ արտահայտություններ անելով։ Առաջին դեպքն ինձ հետ պատահեց, երկրորդ դեպքն արդեն կա, և, եթե այս ամենը չկանխենք , ապա այն կունենա շարունակություն։ Ճիշտ է պարոն Սիմոնյանը ներողություն խնդրեց, բայց նման երևույթները պետք է բացառել, թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության կողմից»,-ընդգծեց իմքայլական պատգամավորը։

Միևնույն ժամանակ մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նման խնդիրների դեպքում չի ստեղծվում էթիկայի հանձնաժողով, որը շատ կարևոր դեր ունի պատգամավորների նման վարքագծի քննության  հարցում, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու մինչև այսօր չի ստեղծվում էթիկայի հանձնաժողով։

Լիդա Եղիազարյան




Լրահոս