«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ կրթական համակարգը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, որոշումներն էլ ընդունվում են հրատապ: «Հայկական կրթական միջավայր» պորտալում արդեն իսկ հրապարակվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2020- 2021 թվականների առկա ուստարվա ընդունելության սկզբունքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ուստարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպմանը վերաբերող դրույթները:
Մի դեպքում նշված է, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում է, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու, ուշադրություն, առաջինը՝ մեդալակիր դիմորդներին…
Այս հակասության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը: «Մեդալի քննությունների մասով նախարարի տեղակալն արդեն ասել է, որ քննարկվում է քննության անցկացման հնարավորությունը:
Նախարարությունը բավական բողոքներ է ստացել այս մասով և հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»,-հայտնեցին վարչությունից:
Փաստացի հերթական անգամ գործ ունենք բոլորիս ծանոթ երևույթի հետ, երբ իրար հակասող որոշումներ են ընդունվում, հետո նոր սկսվում է «դզել-փչելու» գործընթացը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում