Նամուսով մարդ եմ, էլ չեմ երգի. Թաթուլ Ավոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս երգիչ Թաթուլ Ավոյանը տոնեց իր ծննդյան 50-ամյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անդրադարձավ իր ծննդյան տոնակատարության մանրամասներին, ինչպես նաեւ խոսեց իր սիրելի երաժշտական ոճի` «ռաբիս»-ի մասին:
-Օգոստոսի 22-ին տոնեցիք Ձեր 50-ամյակը: Հայտնիներից ովքե՞ր էին եկել Ձեզ շնորհավորելու:
Դե որ հայտնի ենք, դա փաստ է, որ երգիչ ընկերներ շատ ունեմ, դա էլ է փաստ, որ քեֆ ու ուրախությունների անհերքելի առաջամարտիկներ ենք, այդ մասին բոլորը կվկայեն, բայց այս անգամ այլ կերպ եղավ: Ընտանիքիս անդամները Հայաստանում չեն, ԱՄՆ-ում են գտնվում, իսկ առանց իրենց քեֆ ու ուրախության հավես չունեմ: Համ էլ շոգ օր էր, ընկերներիս ասեցի` «շորտիկ» ու «տապչկա» վերցնեն գան` «բասեինում» հովանանք: Ես անմիջական մարդ եմ, էլի, սիրում եմ տենց բաներ:
-Ձեր նախընտրած երաժշտական ոճը շատերն են քննադատում: Ասում են, որ մեր հազարամյա մշակույթին հարիր չէ նման երգեր տարածելը: «Ռաբիս»-ը նույնացնում են թուրքական ու արաբական երաժշտության հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Լավ են անում քննադատում են, թող քննադատեն, ինչ ուզում են թող անեն: Համ էլ ճիշտ են անում: Դե իրենք քաղաքակիրթ, ինտելիգենտ մարդիկ են, հո հասարակ մահկանացուներ չե՞ն: Մենք եթե անճաշակ ենք ու տարածում ենք անորակ երաժշտություն, հո ժողովուրդն էլ այդպիսին չէ՞: Տեսե՞լ եք որեւէ հայկական հարսանիք, որտեղ չհնչեն մեր երգած «անճաշակ» երգերը: Հաստատ տեսած չեք լինի: Մենք կարգին գործ ենք անում ու հա էլ կանենք:
-Ի՞նչը կստիպի Ձեզ այլեւս չերգել:
-Ես կարգին նամուս ու թասիբ ունեցող մարդ եմ, կարող եք չկասկածել: Երգն իմ տարերքն ա, ես սիրում եմ մարդկանց ուրախացնել: Հաճելի է, երբ հարսանիքները կամ այլ ուրախ առիթները դու քո երգածով ծաղկեցնում ես, համ ու հոտ ես տալիս: Բայց դե ի՞նչ ասեմ: Եթե ժողովուրդը էլ չուզենա մեզ լսել, այ էդ օրից նամուսս կքաշեմ ինձ ու էլ չեմ երգի: Բայց տենց բան չի լինի, մենք հեչ էլ արաբական ու թուրքական երգեր չենք երգում, մենք տնավարի ու հայեցի ուրախացնում ենք մեր ազգին, ազգս է դրա վկան:
-Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ կապ ունե՞ք: Նրանց ներկայացրած երաժշտությանն ի՞նչ գնահատական կտաք:
-Հա, ծանոթ եմ, ինչի՞ ծանոթ չեմ: Տեսնում եմ` ինչ ա կատարվում, ամեն ինչ էլ նկատում եմ: Տենց որ ասեմ, եսիմ, ինչ կապ ունեմ, չէ՛, բայց դե իրենք էլ իրենց երգածով են էլի սիրվում: Ես ինչ գնահատական տվող եմ, հո ժյուրի չե՞մ: Մարդ են էլի, երգում են, թող երգեն: Կարեւորը նամուսով երգեն, մենակ դա է կարեւորը: Ամեն ինչի մեջ էլ պետք է նամուս ու թասիբ լինի: Մարդ կա միկրոֆոն ա տեսնում, իրան կորցնում ա, մենակ առնի ձեռքը ու դուրս գա բեմ, երգի: Համ էլ մի բան էլ կա. լավ հովանավոր ունենալը լավ բան է: Այ եթե լավ հովանավոր ունենան, կարգին առաջ կգնան: Օրինակ՝ մենք մեր ձայնի, ժողովրդի տածած սիրո հաշվին ենք ճանաչվում ու սիրվում, իսկ ուրիշներն այդ ամենին այլ ճանապարհներով են հասնում :
Բայց վատ բան էլ չեմ ուզում ասել. թող երգեն, ու թող ժողովուրդն էլ դատի: Այ իրենք իսկական ժյուրի են, մի բան էլ ավելի:
-Հայասատանյան քաղաքական իրադարձություններին հետեւո՞ւմ եք: Առհասարակ հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ:
-Հա, բա ինչ եմ անում: Ես էլ եմ սիրում ամեն ինչից տեղեկացված լինել, իմանալ, ասենք, ով դարձավ նախագահ, ով ինչ պաշտոն ստացավ, բայց այդ ամենն անում եմ չափի սահմանում: Մեր ազգի մեծագույն խնդիրը հենց դա է. չգիտեն՝ որտեղ ինչքան խորանան: Չափի զգացողություն չունեն, նամուս չունեն: Այո, այստեղ էլ է նամուս հարկավոր: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի ու դա անի մարդավարի, տեղը տեղին: Թող ես երգեմ ու իմ ազգին ուրախացնեմ, մեկ ուրիշը թող հիվանդներին բուժի, էն մյուսը թող քաղաքականությամբ զբաղվի, իսկ էն մյուսն էլ` քաղաքականություն վերլուծի: Ճիշտ է` երկրի քաղաքականությունից շատ բան է կախված, բայց դա չի նշանակում, որ ամեն պատահած մարդ պետք է քաղաքական հարցեր քննարկի ու կարծիքներ հայտնի:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 




Լրահոս