Զախարյանն արձանագրեց, որ անգամ ձեւականորեն Հայաստանում Հայաստանից ոչինչ կախված չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությանը, հատկապես էներգակիրների, մասնավորապես՝ մազութի յուրացման գործով հայտնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը օրերս հրավիրած ասուլիսում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացմանը:

Ինչպես հայտնի է՝ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ` էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Եվ, ահա, Զախարյանը կարծում է, որ սա հիմնավորված պահանջ է, քանի որ «Հայաստանը տարանցիկ երկիր չէ եւ ո՛չ գազի, ո՛չ նավթի սեփական էներգառեսուրսներ չունի»: Միեւնույն ժամանակ Զախարյանը որպես սակագնի թանկացման անխուսափելիության փաստարկ ներկայացրել է ՀԷՑ-ի անմիխիթար վիճակը` նշելով, որ միայն վերջին երեք տարիներին ՀԷՑ-ը 37.6 միլիարդ դրամի վնաս է ունեցել՝ չհաշված ընկերության վարկերը:

«ՀԷՑ-ի վնասները առաջացել են 2012-2014թթ․ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների հետեւանքով: ՀԷՑ-ին թույլատրվել է տարեկան ունենալ առավելագույնը 12 տոկոս կորուստներ, սակայն նախորդ 4 տարիներին փաստացի դրանք հասել են մինչեւ 16 տոկոսի: Իսկ այդ կորուստների յուրաքանչյուր տոկոսը 2.5 միլիարդ դրամ է կազմում, արդյունքում` տարի է եղել, երբ միայն կորուստներից ՀԷՑ-ի կրած վնասը հասել է 10 միլիարդ դրամի»,- ներկայացրել է նախարարը` վերջում նշելով ամենակարեւոր գործոնը` ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքը:

«Կորուստները կապված են ե՛ւ գողությունից, սարքավորումների արտադրման տարեթվից, շահագործման որակից, մարդկանց աշխատելու պատասխանատվությունից, հետեւողական աշխատանքների արդյունքներից», – թվարկել է Զախարյանը` այդպիսով, ըստ էության, արձանագրելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից պատշաճ կերպով վերահսկողություն չի իրականացվել ռազմավարական նշանակություն ունեցող այս օբյեկտի գործունեության նկատմամբ:

Փոխարենը ՀՀ Կառավարությունը, չգիտես թե ինչ հաշվարկով, իր երաշխավորությունն է տվել ՀԷՑ-ին 220 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հարցում, ինչը նշանակում է, որ եթե ՀԷՑ-ն այդ գումարը չկարողանա մարել, դա պետք է անի ՀՀ Կառավարությունը մեր բոլորիս հաշվին:

Այսպիսով` մի կողմից Զախարյանը փորձում է արդարացնել ՀԷՑ-ին` հավաստիացնելով, թե սակագնի բարձրացման պահանջը հիմնավոր է, մյուս կողմից, սակայն, որպես հիմնավորում ներկայացնում է բացառապես ընկերության խայտառակ կառավարումը, գողությունն ու այդ ամենի վրա ՀՀ Կառավարության «աչք փակելը», եւ դեռ այդքանից հետո էլ եզրափակում. «Սակագնի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունից կախված չէ»:

Մինչդեռ մենք միամտաբար շարունակում էինք հավատալ, որ դա, այդուամենայնիվ, Հայաստանից կախված որոշում է, քանզի, գոնե ֆորմալ առումով, այդ հարցը որոշում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հիմա, փաստորեն, Զախարյանն արձանագրում է, որ անգամ ձեւականորեն Հայաստանում Հայաստանից ոչինչ կախված չէ:




Լրահոս