Նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է միջնորդել արդարադատության նախարարությունում աշխատանքի տեղավորել Մերի Գևորգյանին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է՝ լրատվամիջոցները քննարկում են, թե ում է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը աշխատանքից ազատել այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի օր հետո: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի նախկին օգնական Մերի Գևորգյանը, ով էլ հեռացվել է աշխատանքից, նախարուրությունում սկսել է աշխատել 2015 թվականի հունվար ամսից: Ըստ մեր տեղեկությունների՝ նախքան արդարադատության նախարարությունում աշխատելը, Մերին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում:

Այստեղ որոշ ժամանակ առաջ խնդիրներ են առաջացել, ինչի համար Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է: Մեր տեղեկությունների համաձայն` 25-ամյա աղջիկը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկի` ՀՀ ֆինասների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի բարեկամուհին է: Հովհաննես Մանուկյանին հենց Դավիթ Սարգսյանն է խնդրել նրան ընդունել աշխատանքի, քանի որ աղջիկը մասնագիտությամբ իրավաբան է:

Ի դեպ, ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ Մերի Գեւորգյանը ՀՀԿ անդամ է ու բոլորը դրա մասին գիտեն, քանի որ Մերին իր կենսագրությունում նշել է, որ ինքը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է: Հավելենք, որ այսօր արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Մերին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:




Լրահոս