ՖՈՏՈ. Արտառոց դեպք Հրազդանում. ինչն է «Ուազ»-ի աղջիկ վարորդին դրդել ծեծի ենթարկել համատիրության տղամարդ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ համատիրության կառավարիչ Վարդան Թովմասյանը դաժան ծեծի է ենթարկվել Հրազդանում հայտնի «Ուազի»-ի վարորդ Անահիտի կողմից:

Թե ինչն է երիտասարդ աղջկան դրդել նման բան անել, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից:

Մեզ հետ զրույցում աղջիկը պատմեց, որ համատիրության կառավարիչը տևական ժամանակ հաշմանդամության կարգ ունեցող իր եղբորը` 1983 թվականին ծնված Հովսեփին, դրդել է ինչ-որ գործեր անել` տարօրինակ խոստումներով նրան շահագործելով: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Վարդանը, իմանալով, որ Հովսեփ Բաղդասարյանը խմիչքի դատարկ շշեր հավաքելու նկատմամբ հակում ունի, նրան ասել է, որ եթե իր պահանջները կատարի, ինքը թույլ կտա Հովսեփին աղբանոցներից շշեր հավաքել:

Բանն այն է, որ այդ շշերը հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդը հավաքել և տարել է իրենց շենքի մուտք: Շենքի լիազորն էլ բողոքով դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը տույժեր է սահմանել այդ փաստով:

«Շենքի լիազորն ու համատիրության կառավարիչը համագործակցում են: Վարդանն էլ քաղաքապետի համար է աշխատում: Թող քաղաքպետն իմանա` ում է գործի տեղավորում»,- ասաց Անահիտը, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները. «Այդ օրը մյուս եղբայրս ու Հովսեփը շենքի մուտքում մաքուր օդի էին դուրս եկել: Մենք` ընտանյոք հանդերձ, նրանց թույլ չենք տալիս հաճախ դուրս գալ տնից, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն: Այդ ժամանակ Վարդանն անցել է շենքի կողքով, Հովսեփին կանչել է իր մոտ, իսկ մյուս եղբայրս շտապել է տեղեկացնել տարեց թոշակառու մորս: Մայրս զանգել է ինձ, ես էլ 25-ամյա եղբորս` Դանիելին, խնդրեցի, որ կապվի Վարդանի հետ: Վարդանն էլ գռեհիկ տոնով եղբորս ասել է` կարո՞ղ ա ես Հովսեփի պահակն եմ: Հետո ես զանգեցի դրան, ասեցի` Վարդան, ճիշտն ասա` ուր ա Հոսոն: Ու սա ինձ հայհոյեց: Ես էլ իրան հայհոյեցի ու ասեցի դու դեռ կտենաս գլխիդ գալիքը: Ես Ծաղկաձորում եմ աշխատում: Արագ իջա համատիրություն: Ճանապարհին հանդիպեցի եղբորս: Վարդանին ասեցի` էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու սա հրեց ինձ: Ես էլ էդ պահին մի լավ դաստիրակեցի դրան: Հիմա թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ ունի, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Ես չունեմ վախենալու ոչ մի բան: Ինչ ուզում ա` անի: Քրեական գործ են հարուցում, ինչ են անում, ինձ համար միևնույնն ա: Ես դեռ պատրաստվում եմ մի անգամ էլ դրան դաստիարակեմ»:

Անահիտը, ի դեպ, իր բազմանդամ` 9 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է: Իր հորից ժառանգություն մնացած «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Արցախից և մի շարք այլ վայրերից, այդ թվում` Երևանից, միրգ-բանջարեղեն է տեղափոխում, առք ու վաճառքով զբաղվում:

Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգողը եղել է հենց կառավարիչը, նա հայտարարել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ArmLur.am-ը զրուցեց նաև տուժող կողմ Վարդան Թովմասյանի հետ, ով կտրականապես հերքեց, որ հայհոյել է համաքաղաքացի կնոջը և հայտարարեց, որ իր նկատմամբ զրպարտություն է իրականացվում: Նրա խոսքով` ինքը հաշմանդամություն ունեցող Հովսեփին չի շահագործել, պարզապես առաջարկել է գումարի դիմաց աշխատել:




Լրահոս