Խղճուկ հնարավորություններով բյուջե. իշխանությունների շռնդալից խոստումներն ինչպես միշտ անկատար մնացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. պետական բյուջեի նախագիծը խիստ հիասթափեցնող էր. հակառակ իշխանությունների շռնդալից խոստումներին՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում խղճուկ ցուցանիշներ են նախանշված: Ավելին՝ այս տարի եւս չեն բարձրանա ո՛չ աշխատավարձերը, ո՛չ կենսաթոշակները:
Բյուջեի նախագծով կառավարությունը խոստացել է հաջորդ տարի ապահովել 4,5 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր ԱԺ ուղերձում հայտարարել էր առաջիկա տարիներին տարեկան միջինը 5 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովելու մասին: Թե ինչու է խմբագրվել Ս. Սարգսյանի նախանշած ցուցանիշը, դժվար չէ կռահել. կառավարությունում հասկանում են, որ Հայաստանի տնտեսությունը պարզապես ի վիճակի չէ ապահովելու ավելի բարձր աճ, ուստի գերադասել են զգուշավորություն ցուցաբերել:

Բայց շատ ավելի հետաքրքրական են 2018թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը. դրանք զիջում են այս տարվա բյուջեի ցուցանիշներին:
Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ 2018թ. բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրլն 307,3 մլրդ, ծախսերը՝ 1 տրլն 464,2 մլրդ դրամ: Եթե այս թվերը համեմատենք 2017թ. պետական բյուջեով հաստատված ցուցանիշների հետ, ըստ որի՝ եկամուտները կազմելու էին 1 տրլն 210 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 360 մլրդ դրամ, ապա որոշակի աճ կա: Բայց 2016թ. տարեվերջին կառավարությունը որոշեց վերանայել բյուջեով խոստացված ցուցանիշները՝ կտրուկ բարձրացնելով նշաձողը: Հիշում եք, թե նորանշանակ կառավարությունն ինչ էյֆորիայի մեջ էր, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էր հավատում «դմփոց-ռեֆորմներին», որ «հուպ տալով» առաջ կգնա, 2017թ. բյուջեում ավելացրեց ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերը: 2016թ. դեկտեմբերի 29-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշումը, եւ ըստ տարեկան ճշտված պլանի՝ 2017թ. բյուջեի եկամուտները հաստատվեցին 1 տրլն 321,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 475,4 մլրդ դրամ: Հիմա երբ 2018թ. բյուջեի ցուցանիշները համեմատում ենք այս տարվա բյուջեի ճշգրտված ցուցանիշների հետ, անհարմար պատկեր է ստացվում. եկամուտները 14,1 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 115,4 մլրդ դրամով պակաս են նախատեսված:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերին, ապա պատկերը, մեղմ ասած, ողբերգական է: 2018թ. եւս չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ աշխատավարձերը: Ընդհակառակը, կառավարությունը կրճատելու է սոցիալական ոլորտի ծախսերը. եթե այս տարի սոցիալական ոլորտի համար նախատեսել էին հատկացնել 409 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի ցանկանում են հատկացնել 408,6 մլրդ: Կրճատվելու են նաեւ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները. այս տարի առողջապահական նպատակներով հատկացվելու է 85,9 մլրդ դոլար, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեում այս ոլորտին 80 մլրդ դրամ է նախատեսված: Պակասեցվելու են նաեւ կրթության բնագավառի բյուջետային հատկացումները. այս տարվա 127,4 մլրդ դրամի փոխարեն 2018թ. նախատեսված է հատկացնել 126,7 մլրդ: Եւ սա այն դեպքում, եբր այս կառավարությունը խոստանում էր կյանքի որակը փոխել, խոստանում էր անել այնպես, որ ՀՀ քաղաքացին բավարարված լինի իր սոցիալական ու կենցաղային վիճակով:

Եւ վերջապես, մինչեւ 2018թ. տարեվերջ իշխանությունները նախատեսել են ՀՀ պետական պարտքը հասցնել 7 մլրդ դոլարի. երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պնդում էր, թե սա անխուսափելի է, քանի որ կա երկիր, որ դեֆիցիտ ունենա եւ պարտքի շուկա չմտնի: Ավելին՝ նա հավաստիացնում էր, թե Հայաստանին պարտքի ավելացման արդյունքում դեֆոլտ չի սպառնում: Միայն թե, նկատենք, որ հաջորդ տարի պետական պարտքի սպասարկմանն ուղղվելու է ՀՀ պետական բյուջեի 9.6 տոկոսը՝ 163,2 մլրդ դրամ: Իսկ առաջիկա տարիներին գնալով ավելանալու են պետական պարտքը մարելու համար բյուջետային հատկացումները. 2019թ. այդ նպատակով հատկացվելու է 166,6 մլրդ դրամ, 2020թ.՝ 173,7 մլրդ դրամ:
Այնպես որ, հակառակ իշխանությունների խոստումներին՝ հաջորդ տարի եւս ՀՀ բնակիչների կյանքում էական փոփոխություն հազիվ թե տեղի ունենա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս