«Գորիս» ՔԿՀ-ում պաշտոնյաներ կձերերբակալվե՞ն. ովքե՞ր և ինչպե՞ս են «զոն նայողին» թմրանյութ հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քրեակատարողական հիմնարկում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով չի բացառվում, որ քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվեն:

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 31-ին գրել էր, որ իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են այս անգամ էլ Գորիսի քրեակատարողական հիմնարկ եւ սկսել բոլոր խցերում ստուգումներ իրականացնել: ՔԿՀ-ի կալանավորների հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց տեղեկություն է հասել, թե իրավապահները բոլոր խցերը տակնուվրա են արել՝ հավանաբար ինչ-որ բան փնտրելով: Արդյունքում, ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից իրավիճակի մասով մեկնաբանել էին, թե կալանավորների բունտ չի եղել՝ փոխարենը նշելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու կապակցությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին Գորիսի ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները օպերատիվ տվյալներ են ունեցել, որ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված: Տեւական ժամանակ հետեւել են քաղաքացու գործունեությանը, գաղտնալսել են նրա հեռախոսային խոսակցությունները, որից հետո որոշում է կայացվել նրան ձերբակալել:

Ձերբակալումից հետո իրավապահները խուզարկություն են իրականացրել քաղաքացու բնակարանում եւ հետաքրքվել են, թե նա որտեղից է ձեռք բերել թրմանյութը եւ որտեղ է իրացրել: Պարզվել է, որ թմրանյութի մեծ մասը մատակարարվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ:

Ահա այսպես՝ իրավապահները ձերբակալված քաղաքացու ցուցմունքի հիման վրա ստուգումներ են իրականացնել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այստեղից էլ սկսվել է ողջ պատմությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները քրեակատարողական հիմնարկում հայտնաբերել են քաղաքացու կողմից մատնանշված թմրանյութը:

Ու այստեղ հարց է առաջացել, թե ինչ ճանապարհով է թմրանյութը բանտ մտել, ո՞ւր են նայել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության աչքերը:

Ըստ լուրերի՝ թմրանյութը մտել է ՔԿՀ «զոն նայող» Կարոյի միջոցով եւ բաշխվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորների եւ դատապարտյալների մեջ:

Հիմա քննություն է գնում, ու չի բացառվում, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շատ պաշտոնյաներ հայտնվեն մեղադրյալի աթոռին:

Քնար Մանուկյան




Լրահոս