Արցախյան խնդիրը` Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքում. մանրամասները, սակայն, չեն հաղորդում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցը կարելի է համարել կայացած: Ս. Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի սկզբում երկու անգամ է շնորհակալություն հայտնել՝ արժանանալով ՌԴ նախագահի փոխադարձ շնորհակալությանը (մեկ անգամ): Իսկ արդեն Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ Սարգսյանը Պուտինի հետ մասնակցել է «ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացմանը, նա մեկ անգամ «անկեղծ երախտագիտություն» հնչեցրել է անձամբ հենց Պուտինի հասցեին եւ բացի այդ՝ երեք անգամ շնորհակալություն հայտնել:

Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: «Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին ՌԴ կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում եւ տնտեսական ոլորտում»,- ասել է Պուտինը:

Միայն թե, նկատենք, Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ որեւէ խոսք չկար, թե նրանք ԼՂ խնդրի վերաբերյալ ի՞նչ քննարկումներ են ունեցել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Մինչդեռ սա կարելի է համարել հանդիպման առանցքային հարցերից մեկը՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ հիմա լուրջ ակտիվություն է ցուցաբերում: Ավելին՝ այս օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնվում են Մոսկվայում: Նախօրեին նրանց հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը: Իսկ այսօր նույն նպատակով Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Իր այցից առաջ Մամեդյարովը նույնիսկ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն»: Եւ բացի այդ, ինչպես հայտնի է՝ հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Երեւան եւ Բաքու՝ քննարկելու ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր:

«Կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից հետո»,- ասել էր նա: Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասները կարեւոր են՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ վիճակում է գործընթացը, եւ արդյո՞ք Սարգսյանի ասած «ցավոտ լուծումները» մոտ են:




Լրահոս