Չեմ հասցնում կարոտել Հայաստանը․ ո՞ւր է «կորել» երաժիշտ Մուրզոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը՝ նույն ինքը՝ Մուրզոն, տեւական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է նա այժմ զբաղված եւ արդյո՞ք հայրենիք վերադառնալու ծրագրեր ունի։

«Ինչպես նախկինում, այժմ էլ զբաղված եմ երաժշտությամբ: Գրում եմ երգեր մեր քաղաքամայր Երեւանի մասին, արդեն 5 տարի է՝ Էրեբունի-Երեւանի մասին երգերի հեղինակը ես եմ: Բացի այդ՝ ստեղծում եմ տարբեր ոճի գովազդային ֆիլմերի կամ հոլովակների երաժշտություն, դրանց պատվերները ստանում եմ տարբեր երկրներից։ Աշխատում եմ NYFA-ի (New York Film Academy) հետ, գրում եմ ֆիլմերի երաժշտություն»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ հանդես է գալիս նաեւ որպես երաժշտական պրոդյուսեր։ Իսկ հարցին, թե արդյո՞ք նախկինի պես համագործակցում է երգիչ Թաթայի հետ, Արան պատասխանեց․ «Այո՛, իհարկե, նրա հետ շարունակում եմ համերգներով շրջագայել տարբեր երկրներում»։

Մենք հետաքրքրվեցինք՝ երաժիշտը Երեւանից ամենաշատը ի՞նչն է կարոտում եւ ո՞ր դեպքում կվերադառնա հայրենիք․ «Չեմ հասցնում կարոտել։ Օրինակ՝ իմ ոլորտում ամեն բան նույնն է։ Ես հայրենիքից չեմ էլ հեռացել։ Հիմա ամեն բան այնքան է հեշտացել, որ շատ հանգիստ կարող ես դառնալ աշխարհի քաղաքացի։ Այսօր ես Բուենոս Այրեսում եմ, վաղը՝ ԱՄՆ-ում, հետո՝ Արցախում։ Մի խոսքով՝ հայրենիքից հեռանալու հարց չկա»,-շեշտեց Արան։

Նա նաեւ հավելեց, որ Միացյալ Նահանգներում կապը պահում է հայ արտիստների հետ, հատկապես՝ երգչուհի Էմմիի։

Մենք հարցրինք՝ արդյո՞ք երաժիշտը հետեւում է հայկական շոու-բիզնեսի անցուդարձին․«Ո՛չ, նախընտրում եմ, որ իմ գործերին հետեւեն, ոչ թե ես հետեւողը լինեմ։ Աշխատում եմ ազատ ժամանակս տրամադրել այլ ուսումնասիրությունների տաղանդավոր արվեստագետների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Արա Թորոսյանը Միացյալ Նահանգներ է մեկնել 2011 թվականին։
«Հաճախակի էի լինում Ամերիկայում: Վերջին անգամ էլ եղավ գործնական առաջարկ՝ թե՛ աշխատանքի, թե՛ ֆիլմերի երաժշտության ստեղծման գործընթացին աջակից լինելու: Ես էլ համաձայնեցի»,-ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր երաժիշտը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս