Բացառությամբ Քոչարյանի` բոլորի հետ գերազանց հարաբերություններ ունի. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրեր անց տեղի կունենա երկու կարեւոր քաղաքական իրադարձություն` վարչապետի եւ նախագահի ընտրությունները: Այս եւ այլ քաղաքական գործընթացների եւ ընդդիմության դերի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո′ն Մարտիրոսյան, ինչո՞ւ Հայաստանում նվազեց ընդդիմության դերը:

-Նախ ասեմ, որ դա արվեց հետևողականորեն: Երբ երկիրն ի սկզբանե չունի ժողովրդավարական ավանդույթներ և ինստիտուտներ, որովհետև պետություն չի եղել և հենց ամենակսզբից սխալ է գործվում ՝ հենց երկրի հիմնադրման պահին իշխանությունն ապազգային և հակազգային ուժերին հանձնելով, որոնց միակ հոգսը սեփական անխռով և բարեկեցիկ կառավարումն էր՝ այդ պահից սկսած ամեն բան կարող է սխալ ուղղությամբ գնալ և գնաց: Հայաստանում իրականում կեղծված էին անգամ հասարակական ընկալման մեջ իբրև թե անաչառ անցած միակ ընտրությունները՝ առաջին նախագահականը: Բայց դա նույնպես կեղծված ընտրություն էր և յուրաքանչյուր հաջորդն ավելի վատն էր: Այդպիսի պայմաններում, երբ մյուս կողմից աղքատությունն ու արտաքին կախվածությունը մեծանում են՝ չի կարող ընդդիմությանն արդյունավետ գործելու դաշտ թողնվել:

Իշխանական համակարգը Հայաստանում ի սկզբանե կառուցված է այնպես, որ հետևողականորեն քայլեր են արվում և արվելու են՝ երկիրը դեպի բացարձակ միահեծան կառավարման մոդելի տանելու: Այսպիսի տեմպերով Հայաստանում շուրջ քսան տարի հետո, եթե, իհարկե, մինչ այդ Հայաստանը կարողանա հաղթահարել առջեւում ուրվագծվող արհավիրքները՝ բացառված չէ, որ տոտալիտար համակարգ լինի: Դա վտանգավոր տենդենց է, որ արեւելյան մոդելի կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ծայրահեղ կառավարման համակարգի կարող է հանգեցնել: Տասնհինգ-քսան տարին այդ առումով, թերևս, իրատեսական կարելի է համարել:

-Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու պարագայում կարո՞ղ են երկրում փոփոխություններ լինել, թե՞ այս դեպքում դրանք անհնարին են:

-Եթե Սերժ Սարգսյանը նոր մարդ լիներ քաղաքականության մեջ՝ կարելի կլիներ ինչ-որ կռահումներ և վերլուծություններ կատարել: Սարգսյանը երկիրը ղեկավարում է արդեն երկար տարիներ: Հիմա, եթե երկրի ղեկավարի մեկ անունով կոչվող պաշտոնը փոխարինի մեկ այլ անունով կոչվող նույն պաշտոնով՝արդյո՞ք տրամաբանական է նոր փոփոխություններ ակնկալել: Արդյո՞ք ահռելի իշխանություն ունեցող պաշտոնյաները սպասում են իրենց պաշտոնի անվանափոխությանը, որպեսզի նոր փոփոխություններ կատարեն: Անտրամաբանական է: Որևէ բան չի փոխվի: Ամեն բան կլինի այնպես, ինչպես էր: Ամեն բան կգնա այն ուղով, որով գնում էր և գնում է:

-Իսկ ինչու՞ Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին առաջադրեց` որպես նախագահի թեկնածու: Ո՞րն է լինելու վերջինիս դերը:

-Արմեն Սարգսյանն այն եզակի անձանցից է իշխանական համակարգում, որի շուրջ փայլունության մթնոլորտ կա: Գիտնական է, դեսպան է եղել, երկար տարիներ ապրում է Թեմզայի ափի հրաշալի քաղաք Լոնդոնում, որտեղ նաեւ նրա ծանոթ արքայազն Չարլզն է ապրում, ապաքաղաքական է: Գրեթե բոլորի՝ թե՛ նախկինների /բացառությամբ Քոչարյանի/, եւ թե՛ ներկայիսների հետ պահպանել է գերազանց հարաբերություններ: Ի տարբերություն իշխանության մեջ առկա շատ անձանց` նա խոսել գիտե, հասարակության մեջ բացասական ռեակցիա չի առաջացնում:

Միաժամանակ, Արմեն Սարգսյանը չի կարող սպառնալիք լինել երկրի իրական ղեկավարության համար. պալատական հեղաշրջում կատարելու ռեսուրս կամ ցանկություն չի ունենա: Սա նրա շահերի տեսանկյունից՝ իդեալական պաշտոն է. արտաքին փայլ, պատիվ, պաշտոնական դիրք, պետության գլխի կարգավիճակ. այն ամենն, ինչ հարյուրավոր միլիոններով անգամ հաճախ անհնար է գնել:

Դրան գումարեք հայաստանյան ակտիվ ու արեւելյան տիպի քաղաքականության գլխացավանքից հեռու լինելու բերկրալի հանգամանքը և հասկանալի կլինի, որ առավել քան կատարյալ տարբերակ է հենց իր՝ Արմեն Սարգսյանի համար: Սակայն, թերևս, առավել իդեալական տարբերակ է՝ հենց իշխանության ամենավերին օղակների համար: ՀՀԿ-ում երեւի թե երկար ժամանակ չեն ծախսել` հասկանալու համար, որ բոլոր այն հնարավոր իշխանական թեկնածուների ավազանում, որոնցից իրենք կցանկանային նախագահի թեկնածու առաջարկել՝ Արմեն Սարգսյանն ամենաներկայանալին էր:

-Ներկայիս քաղաքական գործընթացներն ընդհանրապես ո՞ւր են տանում երկիրը:

-Իհարկե՝ ոչ դեպի տիեզերք, եթե չասենք՝ դեպի տիեզերական սեւ խորշեր, որտեղից վերադարձ չկա:

-Ովքե՞ր կամ ի՞նչը կարող է զսպել իշխանության ախորժակը` քաղաքական ու տնտեսական դաշտում:

-Պալատական կամ ռազմական հեղաշրջումը, չկազմակերպված, տարերային և մի քանի հարյուր հազարանոց /որի ռեսուրսը, թերևս, չկա/ զանգվածի ելքը փողոց կամ պատերազմը: Այդ չորս պարագաներում է միայն, որ կարող են սկսվել գործընթացներ, որոնք Հայաստանում իշխանափոխության կարող են հանգեցնել և բերել փոփոխությունների: Այսօր այլ տարբերակներ չկան: Եվ եթե նկատի ունենանք, որ թվարկված տարբերակներից միակ իրատեսականը ցավալիորեն միայն վերջինն է գոնե այսօրվա դրությամբ, ապա այստեղ եւս մեծ վերլուծությունների կարիք չի լինի:

-Ինչու՞ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերն առանձնապես չեն պայքարում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի որոշումների, քաղաքականության դեմ:

-Չեն պայքարում, քանի որ մի մասը կա՛մ ուղղակի վերահսկվում է կենտրոնից, կա՛մ ոչնչացված է, կա՛մ չունի այլեւս ռեալ ռեսուրսներ: Հայաստանի իշխանությունը երբեք այսքան շահեկան վիճակում չի գտնվել, քան այսօր է: Եվ պսևդոխորհրդարանական համակարգի անցումն այդ իրավիճակն ավելի է ամրապնդելու, որովհետև ցրում է պատասխանատվության կենտրոնի վրա բանեցվող հասարակական ճնշումը: Գումարենք դրան այն հանգամանքը, որ հայաստանցիների գերակշիռ մեծամասնությունն իրենց որպես ակտիվ
քաղաքացի են դրսևորում միայն նախագահական ընտրությունների փուլերում, որոնք այլեւս չեն լինելու և ակնհայտ է դառնում, որ իշխանությունը` ֆորս-մաժորների բացակայության պայմաններում, առավել հանգիստ է կառավարելու:

Անակնկալների և խոշոր ֆորս-մաժորների հանգամանքն, իհարկե, նման պայմաններում դառնում է շատ ավելի անսպասելի, բայց եւ՝ հաճախ ավելի հավանական: Պատմությունն, ընդհանրապես, անցնցում չի լինում և երկարատեւ ճահճացում չի հանդուրժում` գոնե այնպիսի երկրներում, որտեղ դեռեւս խորը տոտալիտարիզմ չկա: Իսկ խորը տոտալիտարիզմի շեմին Հայաստանը դեռեւս չի հասել և այդ առումով փոփոխություններն, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում բացառել չի կարելի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս