Մեր հավատի հերն անիծել չի կարելի, կոլեգաներիս ուզում եմ ասել՝ եկեք կինտոյավարի չապրենք․ Լևոն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աստծո կողմից մեզ բաժին հասած շանսը չպետք է բաց թողնել։ Եթե սա էլ բաց թողեցինք, երկրում կմնան հաշված մարդիկ։ ՀՀԿ-ում նստած են մարդիկ, որոնք հետո կցանկանան հաշվեհարդար տեսնել, ու դա մեր քթից է գալու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Լեւոն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող ներքին քաղաքական մթնոլորտին, մասնավորապես Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։ Ի դեպ, Լեւոն Հարությունյանն այն հայտնիներից է, որոնք այս օրերին միացել են ցուցարարներին եւ իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«Եթե այսօր մեզ ընձեռված հնարավորությունը բաց թողնենք, վաղը ժողովուրդը զենքով է դուրս գալու։ Ես չեմ ուզում բարձրանալ, ինչ-որ հարթակներից խոսել, որովհետեւ դեռեւս վեց տարի առաջ իմ խոսքն ասել եմ։ Բայց հասկացա, որ այս երկրում խոսքը չի անցնում, պետք է գործել, եւ այսօր մենք գործում ենք»,-շեշտեց դերասանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր վերականգնվեց ազգի հպարտությունը, մենք հասկացանք՝ ինչ բան է հաղթանակը, թասիբը. «Այդ հավատի հերն անիծել չի կարելի, կոլեգաներիս ուզում եմ ասել՝ եկեք, կինտոյավարի չապրենք, եկեք` մի քիչ հեռուն նայենք»,-նշեց պարոն Հարությունյանը։

Նրա համոզմամբ՝ նոր սերունդը, որը կանգնած է շարժման հիմքում, չի սխալվի, ինքն էլ մեծ սիրով կանգնած է այդ սերնդի կողքին. «Ունենք սերունդ, որով արդեն հպարտ եմ, աշխարհն է հպարտանում մեր երիտասարդերով։ Հույս ունեմ՝ վաղն էլ ենք հպարտանալու նրանցով։ Երիտասարդները կարողացան մեր կողքին լինել, իրենց տեսակը թելադրել»,-նկատեց դերասանը։

Նա տեսակետ հայտնեց, որ տարիներ շարունակ ժողովուրդը կորցրել էր իր տեղը, իր դիրքը, եւ այսօր դրանք վերականգնվել են. «Այսօր մենք պետք է լինենք Հանրապետության Հրապարակում, որպեսզի սկսած գործը հասցնենք ավարտին։ Ունենք հաղթանակ, պետք է գնանք այդ հաղթանակի ետեւից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս