ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց մասով կոռուպցիոն հանցախումբ է բացահայտել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Գեւորգ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2007թ. օգոստոս ամսից զբաղեցնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ օժտված լինելով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ, մասնավորապես՝ օգտակար հանքավայրերի եւ դրանց պաշարների եւ ընդերքի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերի հավաքման, պահման եւ տրամադրման, ՀՀ ընդերքում օգտակար հանածոների պաշարների տեղեկատվական տվյալների տրամադրման լիազորություններով, կոնկրետ գործարքի է գնացել:

 

Մեզ հայտնի դարձավ, որ նա 2017-2018թթ. ընթացքում ընդունել է կաշառքի դիմաց ընդերքի շահագործմամբ զբաղվող մի շարք իրավաբանական անձանց ընդերքօգտագործման եւ ուսումնասիրության իրավունքի թույլտվություն տրամադրելու համար համապատասխան նախագծերը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կազմելու, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կազմակերպելու ու դրական արդյունք ապահովելու իրավաբանական անձանց ներկայացուցիչների առաջարկը:

Մասնավորապես, համաձայնության գալով տվյալ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ օժտված անձանց ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման ոլորտը համակարգող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանի, նույն նախարարության «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Անուշավան Այվազյանի, նույն գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանի հետ, կաշառքի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված հնարավոր բարենպաստ պայմաններում եւ ժամկետներում իրավաբանական անձանց փաստաթղթերը կազմելու ու ընդերքօգտագործման իրավունքի թույլտվություն տալու դիմաց, իրեն դիմած եւ կաշառք տալու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց ներկայացուցիչներից, խմբի կազմում, ինչպես նաեւ անձամբ ստացել է զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք հետագայում բաշխել է խմբի անդամների միջեւ: Նախարարության պաշտոնատար անձանցից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել ընդերքօգտագործման ոլորտում ՍՊ տնօրեններ: Մասնավորապես, Ասլան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Քարհանք» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերությանն ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, տվյալ գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանակներում հնարավոր բարենպաստ պայմանենրում եւ ժամկետներում դրական արդյունքն ապահովելու նպատակով պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության /ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն/ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գեւորգ Սրապիոնի Հովսեփյանին 7 փուլով ընդհանուր 6800 ԱՄՆ դոլար գումար է տվել, որի մի մասը՝ 2900 ԱՄՆ դոլարը, Գ. Հովսեփյանն ուղղել է ընդերքօգտագործման թույլտվության իրավունք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր կազմելուն, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 1.876.563 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամին համարժեք 3900 ԱՄՆ դոլարը, համաձայն ձեռք բերված նախնական համաձայնության, որպես կաշառք բաժանել է խմբի անդամներին՝ 1900 ԱՄՆ դոլարը պահելով իրեն, 1000 ԱՄՆ դոլարը 27.04.2018թ.-ին տալով նույն նախարարության «Ընդերքի գործակալության» ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանին, 1000 ԱՄՆ դոլարը 2018 թվականի դեկտեմբեր ամսին տալով նույն նախարարության ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանին:Վերոնշյալ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի աթոռին, եւ վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Այս գործը դատարանում քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԻԶԸ ԿՏՐԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 52-րդ խցում ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո դատապարտյալներից մեկը կտրել է մյուս դատապարտյալի վիզը:

Կալանավայրից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ խցի ցմահ դատապարտյալները նախկինում դիմել են ղեկավար կազմին, որ նույն խցում չեն կարողանում միմյանց հանդուրժել, եւ խնդրել են իրենց տեղափոխել այլ խցեր, սակայն ղեկավար կազմն այդ դիմումներին ընթացք չի տվել, ինչի արդյունքում բանը հասել է ծեծկռտուքին եւ վիզը կտրելու փորձին:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Համլետն է կտրել մյուս կալանավոր Մկրտիչի վիզը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, թե ինչ է կատարվել մայիսի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, եւ արդյոք ցմահ դատապարտյալներից մեկը մյուսի վիզը կտրել է:

Այնտեղից, ի պատասխան մեր հարցի, հայտնեցին. «Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 52 խցի ցմահ ազատազրկման դատապարտված խցակիցների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ: Վիճաբանության արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաեւ շտապօգնություն: Վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն եւ նույն օրը վերադարձվել քրեակատարողական հիմնարկ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:

 

ՈՉ ՍԹԱՓ

Աշոտ Ղազարյանը մեկ տարվա ընթացքում երկու անգամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու համար, 2019 թվականի հունիսի 18-ից ուժի մեջ մտած որոշմամբ, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով եւ այդ մասին պատշաճ կարգով ծանուցվել է, սակայն 2020 թվականի հունվարի 8-ին Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցով 0,569 մգ/լ ալկոհոլ օգտագործած, ոչ սթափ վիճակում վարել է «Հունդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետ կապված կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է անելանելի վիճակում: Խնդիրը կապված է դատարանի որոշման հետ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն»  համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցին հեռացրել է աշխատանքից: Դպրոցի տնօրենը չի հաշտվում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի որոշման հետ եւ այն բողոքարկում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 2019 թվականի օգոստոսի 8-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը որոշում է կայացնում եւ վերացնում ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Վանիկի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառված նկատողություն հայտարարելու մասին թիվ 51 կարգադրությունը:

Նա վերացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսիհամայնքիղեկավարի՝ 22.03.2019 թվականի թիվ 52 կարգադրությունը՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սաիդա Ադունցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, եւ Սաիդա Ադունցին վերականգնում է նախկին աշխատանքում՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի հանձնվում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն այնտեղ եւս պարտվում է, բայց կրկին չի հանձնվում եւ դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան. Վճռաբեկ դատարանից եւս մերժում է ստանում: Ասել է թե՝ 1 տարի առաջ իր կայացրած որոշման համար Առուշ Առուշանյանը հայտնվեց անցանկալի իրավիճակում եւ հիմա դատարանի որոշմամբ պարտավոր է Սաիդա Ադունցին հետ վերադարձնել իր պաշտոնին, այսինքն՝ նշանակել ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս