ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

Երեկ Արմավիրի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երեւանյան փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել թիվ 65 տան տարածք: Վթարի հետեւանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բկ: Փլուզվել են բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք: Ժամանել են ոստիկաններ եւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ որն է Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտահանվող ապրանքների մաքսային արժեքը:   

Սասուն Երիցյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը արտահանելու նպատակով ձեռք բերելու եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանը տեղափոխելու համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:

 

 

ԲԱՆԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Բանկը առանց ինձ զգուշացնելու իմ հաշվից գումար է հանել: Խնդրում եմ տեղեկացնել` արդյոք բանկի աշխատանքը համապատասխանում է օրենսդրության պահանջներին:

Շուշան Հակոբյան (31 տարեկան, մանկավարժ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝

բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Այսպիսով, հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար:

 




Լրահոս