Ինչ տարաձայնություններ են եղել կուսակցությունում. Թեհմինա Վարդանյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց կուսակցությունից դուրս գալու որոշման մասին` միաժամանակ ընդգծելով, թե շարունակելու է իր գործունեությունը որպես Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ:

Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն, այսպիսի որոշման պատճառը նրա և կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հակադիր դիրքորոշումներն են՝ իշխանությունների մասով: Արամ Սարգսյանը մշտապես աջակցություն է հայտնում գործող իշխանություններին, իսկ Վարդանյանը ճիշտ հակառակը` քննադատում է նրանց` այդ թվում ավագանու նիստերի ժամանակ:

Armlur.am-ը զրուցել է Վարդանյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչու է նման որոշում կայացրել: «Կուսակցությունից դուրս գալու մասին որոշումը կայացրել եմ ես, հետագա քայլերիս պատասխանատուն ևս ես եմ: Ես այլևս  անկախ եմ, ճիշտ է` խնդիրներ չեն եղել երբեք այս առումով, սակայն արդեն կային հակասություններ: Եվ այսպես ավելի ազնիվ է բոլորի հանդեպ: Ես կմնամ ավագանիում, կշարունակեմ այն սկզբունքներով շարունակվել, որոնք ունեցել եմ նախկինում: Եվ իմ սկզբունքներին հավատարիմ  եմ և այլևս որևէ կաշկանդվածություն չունեմ», – նշեց նա:

Վարդանյանը հայտնեց, թե այսօր է խոսել Արամ Սարգսյանի  հետ և հայտնել իր որոշման մասին: «Շատ դրական, շատ նորմալ իրար հրաժեշտ ենք տվել», – հավելեց նա:

Նկատենք, որ Արամ Սարգսյանը Թեհմինա Վարդանյանի քավորն է, և վերջինս հույս հայտնեց, թե այս որոշումը չի խանգարի զուտ մարդկային շփմանը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

 




Լրահոս