Չի բացառվում՝ ԱԺ-ն վաղն առավոտյան քննարկի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ԲՀԿ-ականները հավաքվել են Ազգային անվտանգության շենքի առջև, որտեղ հարցաքննում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Նրա տանը և կուսակցության գրասենյակներում վաղ առավոտից խուզարկություններ են։

Եվ ահա, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորները հայտնեցին, թե տեղեկություններ ունեն՝ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու են, իսկ վաղն էլ առավոտյան խորհրդարանում քննարկեն նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Մենք գրել էինք, թե ինչ ընթացակարգ է գործում։  Այսպիսով, Սահմանադրության 96-րդ հոդված․

Հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

«Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել 72  ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»-նշվում է հոդվածում։

ԱԺ կանոնակարգի 108-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը:

Հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնում է գլխավոր դատախազը:

Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետեւյալ կարգով՝
1) մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել,
2) մտքերի փոխանակություն,

3) միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:




Լրահոս