ՀՀ Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիետտա Գրիգորյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից կարգապահական տույժի է ենթարկվել: Ըստ մարզպետի որոշման՝ դպրոցի տնօրենը ոչ լիարժեք է կատարել պարետի 2020 թվականի մայիսի 3-ի որոշման պահանջներից մեկը:
ArmLur.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց դպրոցի տնօրեն Մարիետտա Գրիգորյանի հետ եւ հետաքրքրվեց, թե պարետի որոշման կոնկրետ ո՞ր կետն է ոչ լիարժեք կատարել: Մեր հարցին ի պատասխան՝ Մարիետտա Գրիգորյանն ասաց. «Մենք պետք է գնայինք դասամատյանները լուսանկարեինք, որ հեռավար ուսուցումը կազմակերպեինք, այդ ընթացքում մի երեխա մտել էր դպրոց ու երեք չորս օր հետո մեզ համարեցին կոնտակտավոր ու այդպես տարան Ծաղկաձոր: Այդքանը»:
Պարզվում է՝ դպրոց մտնող երեխայի քույրը վարակված է եղել: «Ինքը պետք է Հայոց բանակ գնար, խնդրեց եկավ մեր դպրոցի միջանցքի պատին Մեսրոպ Մաշտոցի նկարի մոտ նկարվելու համար։ Ես էլ, դե երեխա է, թույլ տվեցի: Այդ օրն է մեզ նախարարը թույլ տվել, որ տնօրենը, ուսմասվարը եւ օպերատորը մտնեն դասամատյանները նկարել, այդ մի օրը խնդրեց, ես էլ թույլ տվեցի»,- նկատեց Գրիգորյանը:
Հարցին, թե ով է մարզպետին տեղեկացրել երեխայի՝ դպրոց մտնելու մասին, տնօրենը դժվարացավ նշել. «Չգիտեմ, անցել-գնացել է արդեն…»:
Ս.Հ.