Արթիկի հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը փակ է, բժիշկներն ինքնամեկուսացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Համենայնդեպս, այս մասին Armlur.am-ին պատմեցին արթիկցիները: Բնակիչների պատմելով` Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել:

ArmLur.am-ը Արթիկի բնակիչներից տեղեկացավ նաեւ, որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը եւս կորոնավիրուսով է վարակվել, իսկ նշված բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով եւ «կաթիլային են միացնում»:

Սակայն քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, անմիջապես ասաց, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է: «Մեզ առողջապահության նախարարությունից տրամադրում են մեկուսացվածների ցուցակը, մենք էլ իրենց սնունդով ենք ապահովում: Քաղաքային բյուջեի հաշվին սնունդը տալիս ենք, հետո կառավարությունը կփոխհատուցի: Մեր աշխատողներն են հասցնում մարդկանց տներ գնալ. ցուցակը գալիս է տվյալ անձանց, ընտանիքների քանակով, նաեւ՝ թե ինչ կարգի սնունդ պետք է տրվի, ամեն ինչ մանրակրկիտ նշված է»,- ներկայացրեց քաղաքապետը:

Մեր զրուցակիցը դժվարացավ նշել, թե մինչ այս պահը մեկուսացվածներին սնունդով մատակարարելու նպատակով որքան գումար է ծախսվել. «Ամեն օր ցուցակը թարմացվում է, փոփոխվում է»:

Իսկ Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի խոսքով Արթիկում կորոնավիրուսի հիվանդության 49 ընդհանուր դեպք է գրանցվել, որից 19-ը շտապօգնությամբ հիվանդանոցներ տեղափոխվածներն են: Բայց տեղափոխվածից 7-ն արդեն բուժվել են ու դուրս գրվել: Բացի այս Արթիկում մեկուսացվածները 48-ն են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս