Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. քննարկվել է 2 պետությունների համագործակցության մասին հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ, մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը, ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին եւ արտաքին քաղաքական կարեւոր նշանակություն:




Լրահոս