ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 1-ն է, չնայած որ այս տարի, համաճարակային իրավիճակով պայմանավորված, այն թոհուբոհը չի լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որտեղ հայտնիները պատմում են իրենց դպրոցական տարիների լավագույն եւ անմոռանալի  պատմությունները, ընկնում հիշողությունների գիրկը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է, որը շատ թանկ ու գեղեցիկ հուշերով է մեզ հետ կիսվել:

«Երբ ես Լոռիից եկել էի Երեւան, եւ բարբառների տարբերություն կար, օրինակ՝ Լոռիում, երբ տղան աղջկան սիրում էր, ասում էր՝ սիրած կլինե՞ս, իսկ Երեւանում, եթե տղան աղջկան սիրում է, ասում է՝ արի ընկերություն անենք, իսկ լոռեցիներիս համար դա առհասարակ զուտ ընկերական հարաբերություններն են, ոչ թե սիրային: Հիշում եմ՝ երբ տեղափոխվեցինք Երեւան, եւ սկսեցի հաճախել դպրոց, որոշ ժամանակ անց դասընկերներիցս մեկը մոտեցավ, ասաց՝ արի ընկերություն անենք, եւ ես միանգամից ասացի՝ արի ընկերություն անենք՝ առանց իմանալու, որ դա իմ պատկերացրած ընկերությունը չէ, հետո մյուս տղան մոտեցավ նույն առաջարկով, հետո երրորդ տղան մոտեցավ: Ես ասացի՝ բոլորիդ հետ մեծ սիրով ընկերություն կանեմ, ու հետո նկատեցի, որ դասընկերուհիներս այսպես տարօրինակ հայացքներ են գցում վրաս: Ասում են` էս Լոռիից եկած Անահիտը ընկերություն է անում տղաների հետ, ես էլ ասում եմ՝ իսկ ինչ վատ բան կա դրա մեջ. նոր իմացա, որ Երեւանում իրականում ընկերություն անելը իմ իմացած ընկերությունը չէ, այլ ինչ-որ սիրային հարաբերությունների մասին է խոսքը: Կարմրեցի, ասացի՝ երեխե՛ք ջան, ես ընկերությունն այդպես չեմ ընկալել, ինչպես դուք եք պատկերացնում»,-ծիծաղով պատմում է Անահիտ Կիրակոսյանը:

Դերասանուհու խոսքով՝ Վանաձորում սովորելու տարիները նրա համար բավականին բարդ եւ դժվար են եղել. «Երբ դեռ Երեւան չէինք տեղափոխվել, Վանաձորում էի սովորում, ինձ համար շատ բարդ էր, քանի որ մայրս ուսուցչուհի էր, եւ ես դասարանի ավագն էի։ Եթե ես դասից փախչեի, դա մեծ խնդիր էր լինելու: Բայց, իհարկե, եղավ մի դեպք, երբ ամբողջ դասարանը որոշեց միահամուռ կերպով փախչել, ես չէի կարող դասարանի հետ չլինել, քանի որ նորմալ չէր դիտվի: Այդպես փախչեցինք, դուրս եկանք քաղաք ման գալու: Երբ արդեն վերադարձանք տուն, ասացի՝ մա՛մ, որպես ուսուցչուհի,  կարող ես բարկանալ, բայց, որպես մայր, պետք է ինձ հասկանաս»:

Դերասանուհու կարծիքով՝ դպրոցական տարիներին արված խենթությունները թանկ հիշողություններ են անհոգ եւ մաքուր կյանքի մասին, քանի որ դպրոցը միայն կրթական օջախ չէ, այլ նաեւ ընկերներ ձեռք բերելու վայր է:

«Հիմա երեխաներս արդեն մեծ են, աղջիկս այս տարի ավարտել է դպրոցը եւ ընդունվել բուհ, իսկ, առհասարակ, դպրոցական խենթություններին կողմ եմ ու երբեք խիստ չեմ նայել: Հիշում եմ իմ դպրոցական տարիները եւ կարծում եմ, որ ցանկացած խենթություն՝ թեկուզ հենց ուսուցչի հանդեպ արված, հետագայում դառնում են պատմություն։  Հիշում եմ նույնիսկ, երբ դպրոցը չէր ջեռուցվում, մենք ունեինք վառարան, վառարանի կողքը երեխաներով հավաքվում էինք: Ինձ համար դպրոցական հիշողություններն ամենաթանկն են: Հիշում եմ, թե ինչպես ութերորդ դասարանում «Անուշ» խաղացի, անգամ պատվոգիր ստացա: Հիշում եմ, որ վերջին զանգի ամբողջ սցենարը ես միայնակ գրեցի, բոլոր երգերը կիթառով փոխեցի։ Շատ լավ տարիներ էին, ես էլ շատ ակտիվ էի»,-եզրափակում է դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Դերասան Վահագն Գալստյանը նախօրեին տեղափոխվել էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց։ Պատճառների եւ մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է դերասանի հետ։ Վահագն Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիմա ամեն ինչ կարգին է, արդեն տանն է. «Վանաձորի էի գնացել նկարահանումների եւ հանկարծ հյուրանոցում որովայնի սուր ցավեր զգացի, կտրուկ ինքազգացողությունս վատացավ եւ տեղափոխվեցի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»։ Իսկ թե ինչն էր եղել ինքնազգացողության վատացման պատճառը, դերասանը նշեց, որ սննդային թունավորում է եղել, սակայն ավելի հստակ կիմանա, երբ ստանա անալիզների պատասխանները։

 

 




Լրահոս