«ԵՐԵԽԱՆ ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ՕՐԱԿԱՆ Է, ԴԵՌ  ԱՆՈՒՆ ՉԵՆՔ ԸՆՏՐԵԼ». ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ի գիշերը լույս աշխարհ է եկել դերասան Գոռ Հակոբյանի եւ կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Երեխայի քաշը 3 կգ 300 գրամ է, հասակը՝ 51 սմ.:  Իսկ թե ինչու են ծնողները դժվարացել ընտրություն կատարել երեխայի անվան հարցում, ArmLur.am-ը փորձել է պարզել Գոռ Հակոբյանից:

 

«Երեխան արդեն չորս օրական էր, բայց դեռ անուն չէինք որոշել, որքան էլ դա տարօրինակ կհնչի: Երեկ պետք է գնայի ծննդյան վկայականի հարցերը լուծելու, բայց քանի որ անուն չունենք, չենք կողմնորոշվում, չգնացի: Այն, որ ասում էինք, երեխան կծնվի, մի հատ կնայենք իրեն, անունը կընտրենք, այդպես չեղավ. հիմա, երբ նայում ենք իրեն, ոչ մի համապատասխան անուն չենք գտնում, ինչ մտածում ենք, ոչինչ չի սազում իրեն, համենայնդեպս, այն անուններից, որոնք մենք ցանկություն ունեինք դնելու: Ես առաջարկում էի նրան անվանել Նարեկ կամ Էրիկ, իսկ կինս նախընտրում է ավելի շատ եվրոպական ոճի անուններ, իսկ  նման անուններ ես չեմ ուզում, քանի որ կարծում եմ, որ մեր հայկական անուններն ամենալավն են»,-նշում է Գոռը:

Դերասանը մեզ հետ զրույցում կատակով պատմում է, որ երեխաների անվան ընտրությունն իրենց ընտանիքում միշտ ուղեկցվել է վեճերով. «Մեզ մոտ միշտ այդպես է եղել: Առաջին որդուս անունը Վարդան է, որը դրել ենք՝ ի պատիվ եղբորս հիշատակին, որը չի էլ քննարկվել: Երկրորդ որդուս՝ Ֆելիքսի անունը եւս մինչեւ վերջ չէինք կարողանում որոշել: Զագսի դիմաց կանգնած մեկուկես ժամ վիճել ենք, միայն վերջին պահին ասացի՝ մի խոսքով, Ֆելիքս եմ դնում, ու գնացի տվյալները գրանցելու»:

Մեր զրուցակցի կարծիքով՝  ընտանիքն ինչքան կարող է  ապահովել երեխայի բարեկեցիք ապագան, այնքան պետք է երեխա ունենա, եւ ընդգծում է, որ շատ հնարավոր է՝  ապագայում  ընտանիքը համալրվի եւս մեկ երեխայով:

«Իրականում շատ ուրախ եմ, որ երեք տղա երեխա ունեմ, աղջիկ դեռ չունեմ, դրա բերկրանքը չգիտեմ, չեմ հասկանում, որ ասում են, թե աղջկանից լավ բան չկա, դա դեռ ես չեմ հասկանում, բայց ինձ թվում է, որ եթե հետագայում մի հատ էլ աղջիկ ունենամ, ամեն ինչ կընկնի իր տեղը: Իրականում տղա երեխայի դաստիարակությունը շատ պատասխանատու գործ է,  ես արդեն երկու անգամ դրա միջով անցել եմ, եւ հիմա էլ շարունակում եմ անցնել: Տղաները կրկնօրինակում են հորը, եւ այս հարցում ավելի շատ կարեւոր է հոր զգոնությունը: Ես ինձ նրանց մոտ պահում եմ այնպես, որ հանկարծ ավել բան ինձ թույլ չտամ, որպեսզի հետագայում նրանք դա չյուրացնեն եւ չկրկնօրինակեն: Ես իրականում խիստ հայր եմ եւ սիրում եմ, երբ  նրանց նայում եմ, նրանք մի հայացքից ինձ հասկանում են, որ սխալ են արել: Ես երբեք նրաց չեմ խփում, չեմ գոռում»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք նա անակնկալներ մատուցելու է կնոջն ու որդուն դուրս գրման ժամանակ, Գոռը միանգամից ասաց, որ ճոխ ընդունելություն չի պլանավորել, ամեն ինչ լինելու է համեստ, ոչ ավանդական զուռնադհոլով:

«Անկեղծ ասած, մի քիչ հետ ենք վարժվել այն առումով, որ հիմա, երբ երեխա է ծնվում, տարբեր միջոցառումներ են  կազմակերպում: Կինս եւ երեխաս դուրս կգրվեն կիրակի օրը, կհավաքվենք ընտանիքով, որեւէ հատուկ բան չեմ պլանավորել, հիվանդանոցի բակում ճոխ ընդունելություն չենք պլանավորել, քանի որ այդ հարցերում ես շատ զգոն եմ եւ ճիշտ չեմ գտնում հիվանդանոցի բակում զուռնա-դհոլը, նախընտրում եմ ավելի համեստի մեջ ամեն ինչը, եւ կինս նույնպես այդ հարցերում ինձ հետ համակարծիք է»,-եզրափակում է դերասան Գոռ Հակոբյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ ՆԵՐԿԱ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՆՋՈՒՅՔԻՆ

Ամերիկայի Միացալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած երգիչ Արման Հովհաննիսյանը նախօրեին պարգեւատրվել է  ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի կողմից, որի կապակցությամբ երգիչն իր ինստագրամյան էջում շնորհակալական խոսք է գրել.

 

«Յուրաքանչյուր պարգեւ ինձ համար թանկ է եւ պարտավորեցնող։ Այսօր պարգեւատրվեցի ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ»։

Ի դեպ, հավելենք, որ  ավելի վաղ Արման Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել եւ հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը: Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է, եւ շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:

Ապա՝ աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո, երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք էր կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը եւ այլք, ովքեր նույնպես Ինտագրամի  իրենց էջերում ջերմորեն շնորհավորել են Արմանին:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԹԱՆԿՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ «Հասկանալի է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը որոշ ժամանակ պլանավորել էր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Մինչդեռ Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար։ Կեղտոտ նավթաօլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում. օրիգինալ գաղափար չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը, եւ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջեւ»,-նշել է նա:

 

ՀԻԱՑԱԾ Է

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի նորեկ Լուիս Սուարեսի նորամուտը: «Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարեւոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաւ կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները: Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը»,-ասել է  Սիմեոնեն: Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Աթլետիկոյում» իր նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ: Լա Լիգայի երրորդ տուրում մադրիդյան ակումբը 6:1 հաշվով հաղթեց «Գրանադային»:

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ: Մանչեսթերյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել 29-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների եւ «Չելսիի» ղեկավարության հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստի, այդ թվում՝ Կանտեին:

Նգոլո Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից: Ակումբի կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 127 հանդիպման, խփել 9 գոլ:




Լրահոս