ՉԳՈՐԾՈՂ ԹԵՐԹԻՆ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երեկ աննախադեպ խայտառակ վճիռ է կայացրել. նա պարտադրել է չգործող թերթին հերքում տպագրել:Արդեն մեկ տարի է՝ ընթանում է «Հայք» օրաթերթի դեմ դատաքննությունը. Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանը դատարան հայցով էր ներկայացել ավելի քան մեկ տարի լույս չտեսնող «Հայք» օրաթերթի խմբագրության եւ նախկինում այդ թերթի (այժմ` «Ժողովուրդ» օրաթերթի ու «lragir.am» կայքի) թղթակից Արման Գալոյանի դեմ՝ պահանջելով հերքում տպագրել: Որպես երկրոդ պատասխանող էր ճանաչվել լրագրողի տեղեկատվության աղբյուրը՝ Սվետլանա Առաքելյանը, ով հարցազրույց էր տվել թերթին՝ իր ամուսնու` Գեւորգ Մանուկյանի սպանության վերաբերյալ: Երեկ հրապարակվել է վճիռը, ըստ որի՝ Սվետլանա Առաքելյանը պարտավոր է հերքել «Հայք» թերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված «Սպանության հետքերով» խորագրով հոդվածում Հայկ Բաղդասարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները: Ընդ որում, դատավոր Կարինե Պետրոսյանը պարտավորեցրել է հերքումը տպագրել նույն «Հայք» թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Արման Գալոյանը մեզ հետ զրույցում խեղկատակություն որակեց դատական ողջ գործընթացը: Նա հակված է կարծելու, որ վճիռն անգրագիտության կամ օրենքը միտումնավոր ոտնահարելու հետեւանք է, միգուցե նաեւ քաղաքական հետապնդում: «Եթե այդ դատավորն իրեն նեղություն տար ու կարդար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, ապա ի սկզբանե հայցը չէր ընդունի վարույթ: Սակայն դա տեղի չունեցավ: Ես իմ առարկություններում հիմնավորել էի, թե ինչու դատարանը չպետք է քննի հայցը: Դատարանն անտեսեց նաեւ դա: Օգտվելով Քաղ.դատ.օր-ի համապատասխան հոդվածից՝ ես չեմ մասնակցել դատաքննությանը: Ողջ գործընթացը համարել եմ ապօրինի ու չեմ ցանկացել լեգիտիմացնել կամ իմ գործողություններով օրինականացնել դա,-ասաց Ա.Գալոյանը՝ հավելելով,-ՀՀ ԶԼ մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ «Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ: Տվյալ դեպքում ԶԼ մասին օրենքով սահմանվել է հերքման պահանջը ներկայացնելու 1-ամսյա ժամկետ՝ հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը, քանի որ «Հայք» օրաթերթում իմ հոդվածը լույս է տեսել 2008թ. փետրվարի 8-ին, իսկ դատարան հայցադիմումը ներկայացվել է 2010թ. օգոստոսին»: Բացի այդ, Արման Գալոյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2010թ. հուլիսից դադարեցվել է «Հայք» օրաթերթի տպագրությունը: «Հիմա ի՞նչ, ստիպելու են, որ մեկ էջով «Հայք»-ը տպագրվի՝ որպես դատարանի վճռի կատարո՞ւմ»,-հեգնեց նա: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս