ԷՐԴՈՂԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ. ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական փորձագետ, հատուկ նշանակության զենիթահրթիռային զորքերի նախկին պետ Սերգեյ Խատիլյովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարճ ժամանակում չի կարող կարգավորվել, եւ դրա համար անհրաժեշտ են ընդհանրական լուծումներ, իսկ վերջում էլ խաղաղապահ ուժերի տեղակայում: Նա կարծիք հայտնեց, որ առաջին հերթին տարածքից պետք է դուրս բերվեն իսլամիստներն ու ահաբեկիչները, ապա խոշոր խաղացողների օգնությամբ հասնել կրակի դադարեցման եւ հարցի ամբողջական լուծման:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

-Պարո՛ն Խատիլյո՛վ, արդեն երեք անգամ հումանիտար հրադադարի մասին որոշում է կայացվել, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն: Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Ոչ մի հարց հինգ րոպեում չի կարգավորվում: Կարող ենք ասել, որ հիմա տեղի է ունեցել առաջին կապն, այսպես ասած: Այսինքն՝ հարց է բարձրացվել, որ այստեղ խնդիր կա, եւ այն պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ եկեք որոշենք, որ այսօրվանից չպետք է կրակենք, պետք է փոխանակենք գերիներին ու զոհերի մարմինները: Սակայն մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիեւը խոսում է մինչեւ վերջ գնալու ցանկության մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս նույնպես այդ մասին է ակնարկում: Այսինքն՝ նրանք պատրաստ չեն այսպիսի հարցի լուծման, հետեւաբար նրանց պետք է պատրաստել, եւ դրանով պետք է զբաղվեն բոլոր կազմակերպությունները, միջազգային հանրությունը, նաեւ Սփյուռքը:

-Իսկ արդյոք Ադրբեջանի նախագահին Թուրքիա՞ն է դրդում շարունակել պատերազմը: Ի՞նչ անել Էրդողանի հետ:

-Միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, նաեւ Ֆրանսիայի իրավիճակը հաշվի առնելով, պարզ է, որ նրանք արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Էրդողանի քայլերի մասին, խոսվում է անգամ ՆԱՏՕ-ում նրան ձայնի իրավունքից զրկելու մասին: Սակայն սա միակ Թուրքիայի հարցը չէ, նա թերեւս ինչ-որ մեկից թույլտվություն ստացել է: Հետագա զարգացումները կախված են բոլորից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, սակայն կարճ ժամանակում այս հարցը չի  կարող կարգավորվել, միգուցե կես տարի ժամանակ պահանջվի, միգուցե մեկ: Իմ տեսակետը սա է:

-Ձեզ համար ընդունելի՞ է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ անձամբ մասնակցել բանակցություններին:

-Դժվար է այս պահին հասկանալ՝ ինչ է ցանկանում Թուրքիան, բացի տարածաշրջանը ղեկավարելուց: Կոնստրուկտիվ քայլեր Թուրքիայի կողմից չպետք է սպասել: Նա ցանկանում է խաղալ առաջնային դեր, եւ նրա համար ոչ մի այլ բան կարեւոր չէ: Այդ պատճառով նրա հետ որեւէ այլ լեզվով չես կարող խոսել: Սակայն ես կարծում եմ, որ Էրդողանը ոչ մի այլ տեղ չի կարող գնալ, նա պետք է ենթարկվի, այլ տարբերակ չունի, քանի որ հասկանում է՝ այլ կղզում չի ապրում, այլ ապրում է մարդկանց հետ եւ պետք է ենթարկվի: Բացի այդ, գիտեք, որ Թուրքիայի տնտեսական վիճակն է վատ վիճակում, եւ շատ վիճելի հարցեր կան:

-Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին:

-ՀԱՊԿ-ի մասին շատ է խոսվել, եւ առաջինը ես չէ,որ պետք է ասեմ: ՀԱՊԿ-ը կգործի այն ժամանակ, երբ հարձակում լինի Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Լեռնային Ղարաբաղն անկախ տարածք չէ, եւ դա փաստ է, որը չես կարող խախտել: Ռուսաստանի Դաշնությունն արդեն այս պահին շատ բան է արել, որպեսզի կարգավորի հարցը: Նրանք ցանկանում են հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի: ՌԴ-ն ստեղծում է այնպիսի պայմաններ, որպեսզի ավելի ուժ չկիրառվի: Ես նորություն չեմ ասի, բայց այդպիսի կոնֆլիկտների լուծումը վայրկյանական չի լինում, ես հասկանում եմ, որ զոհվում են մարդիկ, շինություններ են քանդվում, մարդկանց գույքն է վնասվում, բայց հնարավոր չէ հասնել հարցի արագ կարգավորման:

 

 

ՄԻՊ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախօրեին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ:

Թաթոյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից եւ մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ եւ սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը եւ ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»,-նշել էր Թաթոյանը:

Այնուհետեւ ՀՀ օմբունդսմենը հավելել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ. «Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել»։

Armlur.am-ը զրուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ խնդիր է, ու արդյոք ինքը զրուցել է Թաթոյանի հետ՝ պարզելու համար նրա վրդովմունքի պատճառը: «Ճիշտն ասած, դեռեւս պարոն Թաթոյանը չի պատասխանել, հիմա այդ փուլում ենք, փորձում ենք ճշտել ու հասկանալ՝ ինչ խնդիր է. հիմա որեւէ բան չեմ կարող ասել»,-հայտարարեց նախարարը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք այս ժամանակահատվածում ինչ-որ հարցով Թաթոյանը դիմել է իրենց, ու հարցն անպատասխան է մնացել, նախարարն ասաց, որ նման բան չի եղել, չի կարող հիմա ինչ-որ բան ասել, կպարզեն, կտեղեկացնեն:

Նախարարի խոսքով՝ Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել իր համար. «Երեկոյան եմ փորձել զրուցել, չի ստացվել, հիմա փորձում ենք ճշտել, թե որն է խնդիր»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԾՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բալասանյանը ներկայացրել է իր ծրագիրը Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ: Նշենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ նաեւ ուղերձով, որտեղ, մասնավորապես, նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում եւ արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն, բոլորս՝ ի զեն»:

Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Վիտալի Բալասանյանի հետ, որն այս պահին Երեւանում է. փորձել ենք պարզել, թե ինչ հարցերի շրջանակում է հանդիպում ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բալասանյանը հորդորեց այդ հարցերով դիմել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին. «Իմ ժամանակը շատ սուղ է, ամեն ինչ լավ է լինելու, աշխատում ենք, իմ ժամանակը սուղ է, ասում եմ՝ ամեն ինչը լավ է լինելու, այսքա՛նը»,-եզրափակեց Վիտալի Բալասանյանը:

 

 

ՆՈՒՅՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է, որպեսզի իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակից դառնա, սակայն հայկական կողմի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է. այդ մասին ՀՀ ԱԺ-ում ասել է պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով` Թուրքիան չի կարող ընդգրկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, քանի որ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: «Առավել եւս` հիմա, երբ մենք բոլորս տեսնում ենք Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Արդեն գնդակոծում են ծննդատներն ու հիվանդանոցները: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափ, եւ ոչ ոք այն փոխել չի կարող: Բոլոր բանակցային գործընթացները պետք է շարունակվեն հենց այս ձեւաչափով»,- ասել է նա:

Նրա խոսքով` այսօր առաջնային խնդիրն Արցախի անկախության ճանաչումն է, ինչը, քաղաքական գործչի կարծիքով, կօգնի լուծել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը:




Լրահոս