«ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՓՇԱՔԱՂՎԵՑԻ». ԸՆԿԵՐՆԵՐԸ՝ «ՈՍԿԵ ԴՊՐՈՑ» ՍԻԹՔՈՄԻ ԴԵՐԱՍԱՆ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ողջ համացանցը ողողված է հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող, դերասան Գեւորգ Ջավաղյանի մահվան մասին լուրերով։

Գեւորգը հանրությանը հայտնի էր  «Ոսկե դպրոց» հումորային սիթքոմից։ Սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, Գեւորգի խաղընկերներ Գոշը  արդեն հերոս Գեւորգի մասին «Ինստագրամի» իրենց էջերում  գրառումներ են կատարել՝ նշելով. «Գժվելու բան է, գժվելու»։

««Ոսկե դպրոց»-ի իմ երեխեքից, մի համեստ, դաստիարակված, անուշ տղա: Գժվելու բան, գժվելու: Աստված հոգիդ լուսավորի, Գե՛ւ ջան, ննջիր խաղաղությամբ, հերո՛ս տղա»,-գրել է Վաչեն:

«Ես չգիտեմ` ինչ գրեմ կամ ինչ ասեմ հիմա: Սիրտս մղկտում է, անո՛ւշ տղա, մաքո՛ւր տղա: Կներես Գեւ»,-նշել  է Գոշը:

Իսկ, ահա, նրա խաղընկերներից Մհեր Մխիթարյանը «Ժողովուրդ» օրաթերթի զրույցում ընդգծում է, որ Գեւորգն հատկապես աչքի էր ընկնում իր համեստությամբ, խորությամբ եւ պարզությամբ։

«Գեւորգին ճանաչել եմ «Ոսկե դպրոց» նախագծի շրջանակներում, համեստության օրինակ էր, ու շատ մարդիկ կարող են իր օրինակը բերել համեստության։ Նկարահանումների ընթացքում շատ զուսպ էր, դրա հետ մեկտեղ նաեւ անմիջական, շատ տաղանդավոր։ Ես նաեւ սիթքոմի սցենարիստներից էի, եւ ինչ-որ մի կերպար ստեղծելիս, որ մտածել ենք, թե ով լինի դասարանի աշակերտներից, միանգամից առաջինը նկատել ենք Գեւորգին։ Տեսակով շատ-շատ համեստ էր, հավասարակշռված եւ դրանով է միշտ աչքի ընկել։ Դժվարանում եմ խոսել…»,-պատմում է մեր զրուցակիցը։

Մհերի խոսքով՝ երբ իմացել է Գեւորգի մասին, փշաքաղվել է, քանի որ օրեր շարունակ նրան փնտրում էին, եւ հույս է փայփայել, որ նրան ողջ-առողջ կգտնեն։

«Հիմա ես ինչ էլ ասեմ, շատ էժան կթվա նրանց արած հերոսությունների դեմ, անբացատրելի է. ինչ-որ բան են անում հանուն բոլորիս, եւ հաղթելու ենք, քանի որ ուրիշ տարբերակ, ալտերնատիվ չկա»,-ընդգծում է նա։

Իսկ Գեւորգի քույրը՝ Սեդան, մեզ հետ զրույցում հիշում է հատկապես եղբոր հետ վերջին զրույցը, որտեղ նա քույրիկին խնդրել էր աղոթել ոչ միայն իր, այլ բոլոր քաջարի տղաների համար, որոնք առանց աչք թարթելու իրենց կյանքն են նվիրում հայրենիքին։

Սեդան հիշում է, որ Գեւորգը մեծ ցանկություն ուներ հայտնի դերասան դառնալու, սիրում էր, որ միշտ իր մասին են խոսում, եւ այդպես էլ եղավ, դարձավ հայտնի։

«Գեւս ամեն զանգելիս ասում էր՝ աղոթիր իմ եւ բոլոր տղաների համար, բայց, փաստորեն, աղոթքներս տեղ չհասան։ Ինքը շատ ընկերասեր էր, շատ նվիրվող էր։ Գեւս շատ էր սիրում լինել ուշադրության կենտրոնում, շատ էր սիրում, որ իր մասին խոսում են։ Երազում էր դառնալ հայտնի դերասան, ճանաչված եւ սիրված մարդ։ Եվ, փաստորեն, դարձավ, բայց կյանքի գնով…»,-հավելում է Գեւորգ Ջավաղյանի քույրը՝ Սեդան։

Նշենք, որ արցախաադրբեջանական հակամարտության գոտում գիշերվա ընթացքում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Հակառակորդը կրկին վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԴԻԶԱՅՆԵՐ ՄԱՅՔ ԿՈՍՏԵԼՈՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅ ԵՂԲՈՐԸ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համաշխարհային աստղերը շարունակում են աղաղակել Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ Արցախյան խնդրին է կրկին անդրադարձել դիզայներ Մայք Կոստելոն, ում գրառումը ողողված է ողջ համացանցում։  Ի դեպ,  դիզայները Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին աջակցում է հայերին եւ փնտրում է կիսով հայ եղբորը։

Նա հետեւորդներին խնդրում է օգնել գտնել հորն ու նրա առաջին կնոջ որդուն, որն ապրում է Գլենդելում։

«Հենց նոր ստացա կյանքիս ամենամեծ, ցնցող լուրը: Հայրս ասաց, որ ունեմ կիսով չափ հայ եղբայր` Հակոբ Կիրակոսյանը, որը Գլենդելում է ապրում: Ցավոք, նրանք չեն շփվել մշակութային տարբերությունների պատճառով. հայրս ռումինացի գնչու է, նրա նախկին կինը Մանուշակ Կիրակոսյանն է եղել: Նրանց ընտանիքները բաժանել են զույգին, քանի որ դա արգելված ամուսնություն է եղել: Խնդրում եմ, կիսվե՛ք այս գրառմամբ, օգնե՛ք գտնել եղբորս: Հույս ունեմ վերամիավորել հորս եւ իր կորցրած որդուն եւ այնպես անել, որ մոռանան բոլոր տարաձայնությունները: Հայրս հիվանդ է եւ ուզում է տեսնել իր ավագ որդուն: Շնորհակալ եմ օգնության համար: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Մայքլը նաեւ սթորի բաժնում է հրապարակում արել եղբոր մասին եւ գրել. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք փորձում են օգնել գտնել եղբորս` Հակոբ Կիրակոսյանին: Հակոբը ծնվել է 1977 թվականին եւ ունի ամերիկյան անուն` Ռոբերտ: Նրա մայրն ունի քույր` Սիլվիան: Սա է ամբողջ ինֆորմացիան, որ հայտնի է մեզ»։

Հիշեցնենք, որ դիզայներն Արցախի պատերազմի առաջին օրերից սատարել է Հայաստանին եւ Արցախին: Նա հրապարակում էր արել, հետեւորդներին ներկայացրել իրավիճակը եւ խորհուրդ տվել չհետեւել իրեն, եթե համաձայն չեն իր հետ: Նա նաեւ Հայաստանի եռագույնով դիմակներ էր ներկայացրել, որոնք կարել էին իր հայ աշխատակիցները:

Մայքլը նշել  էր, որ դիմակների վաճառքի հասույթը կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում եւ փոխարինվել 26-րդ րոպեին: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է բրազիլացու վնասվածքի մասին: «Ստիպված էինք փոխարինել նրան: Պետք է սպասենք հետազոտության արդյունքներին: Նա լուրջ ցավեր չուներ, սակայն լավ չէր զգում իրեն: Խիտ գրաֆիկի պատճառով Նեյմարը կարող է բաց թողել մի քանի խաղ, թեեւ ես վստահ չեմ: Հուսով եմ՝ վնասվածքը լուրջ չէ»,-ասել է գերմանացի մասնագետը:

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (2:0), սահմանել է ռեկորդ: 33-ամյա Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որ 70 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այդ խաղում արգենտինացին նաեւ գոլային փոխանցում էր կատարել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին: Դա նրա 35-րդ գոլային փոխանցումն էր Չեմպիոնների լիգա: Այդ ցուցանիշով Մեսին զիջում է միայն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը կատարել է 38 գոլային փոխանցում:

 

 

ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 4-րդ տուրի «Վահագնի Սիթի»-«Էրեբունի» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 95-87: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Էրեբունիից» Թեւիս Սմիթն էր՝ վաստակած 34 միավորով: Նա 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում: Առաջին եւ երրորդ քառորդում առավելությունը Մոլեւիչի սաների կողմն էր, իսկ մյուս երկու քառորդում հաղթեց «Էրեբունին»: Նոր մրցաշրջանում «Վահագնի Սիթին» տոնեց երկրորդ հաղթանակը, իսկ «Էրեբունին» կրեց երրորդ պարտությունը:

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը 23-ամյա ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի հետ եւս մեկ մրցաշրջանով: Զաքարիան ակումբին է միացել 2019 թվականի ամռանը: Մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտուն» է, որն ունի 13 միավոր: 9-ական միավոր ունեն «Ալաշկերտը», «Վանը», «Լոռին» եւ «Արարատը»: «Արարատ-Արմենիան» 6-րդն է եւ ունի 8 միավոր:

 




Լրահոս