ԱԱԾ 5-ՐԴ ՏՆՕՐԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին պարզ դարձավ, որ հետհեղափոխական Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի փոխարեն նշանակվեց Արմեն Աբազյանը, որը 2020 թ. օգոստոս ամսին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետեւ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Ըստ Համբարձումյանի՝ ինքը դեռ հոկտեմբերի 28-ին իր կողմից որոշում է կայացրել եւ իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Երեկ դիմումը բավարարվել է։ Համբարձումյանը նշել է, որ իրեն վարչապետը առաջարկել է շարունակել ծառայությունը տնօրենի տեղակալի պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է: Նկատենք՝  2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն ԱԱԾ տնօրենի 5-րդ նշանակումն է:

Միքայել Համբարձումյանը պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանի փոխարեն, ում աշխատանքից ազատեցին Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:  Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարեց ուղիղ չորս ամիս. նշանակվել էր այս տարվա հունիսի 8-ին՝ այս պաշտոնում փոխարինելով արդեն Էդուարդ Մարտիրոսյանին, որը վեց ամիս պաշտոնավարեց որպես պաշտոնակատար, ապա նշանակվեց, սակայն կրկին կարճ աշխատեց եւ աշխատանքից ազատվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ համատեղ, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային սահմանափակումների պարագայում տեղի է ունեցել Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, իսկ վերջիններս էլ մասնակցել են դրան: Իսկ Մարտիրոսյանն էլ այս պաշտոնում փոխարինել էր Արթուր Վանեցյանին, որը հեռացավ աղմուկով եւ թերեւս միակն է, որն այժմ արդեն քաղաքական գործունեություն է սկսել: Թերեւս ռազմական դրության ավարտից հետո հասարակությունը պետք է իմանա, բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում: Եվ ինչպես արդեն հայտնի կատակում է, ԱԱԾ-ն դարձել է հանրային գրադարան. մարդիկ նշանակվում են տնօրեն, կարդում գաղտնի փաստաթղթեր եւ հեռանում, իսկ մյուսերը կտրոնը քաշել հերթ են կանգնել՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար։

 

 

Նոյեմբերի 6-ին կառավարության կողմից խորհրդարան է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականին ընդունված սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով կսահմանվի, թե որ դատավորները կարող են առանձին տեսակի գործեր քննել: Խոսքը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձում ենթադրող  կամ պարտապանի սնանկ ճանաչվելու մասին գործերին: Փոփոխված օրենքում ասվում է. «Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առանձին տեսակի գործերի ցանկ սահմանելու դեպքում կարող է Վերաքննիչ դատարանի դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն այլ գործերի, քննում են նշված ցանկում ներառված առանձին տեսակի գործեր: Նման գործեր քննող դատավորների քանակը եւ ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»: Իսկ մեկ այլ փոփոխությամբ՝ պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի (վճարումների հետաձգման) գործողությունը տարածվում է այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից: Եվ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից:

 

 

 

Պատերազմի առաջին օրերից ամբողջ հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ջավախքում ու սփյուռքի տարբեր գաղթօջախներում ամեն հնարավորն անում են, որպեսզի օգնեն Բանակին եւ արցախցիներին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մեծ միջոցներ են ներդրել Հայաստանում եւ արտերկրում գտնվող հայ ֆուտբոլիստները, սակայն նրանց կատարած շատ կարեւոր գնումները հրապարակման ենթակա չեն, քանի որ կարող են պայմանագրային խնդիրներ առաջանալ ակումբների հետ: Կատարած առերեւույթ քայլերից հայտնի է, օրինակ, այն, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ակումբ «Ռոման» մարդասիրական օգնություն է ուղարկել արցախցիներին, իսկ թե ինչ են արել ֆուտբոլիստներն անհատապես, չի հրապարակվում: Մեզ հասած տեղեկություններով՝ ազգային թիմի տղաները նույնիսկ պլանավորել են պատերազմի ավարտից հետո եւս լուրջ ներդրումներ անել Արցախում: Հիշեցնենք, որ ազգային թիմում հանդես եկող խաղացողներ ունենք Գերմանիայի Բունդեսլիգայում, Իտալիայի Ա սերիայում, Ռուսաստանի պրեմեր լիգայում, ինչպես նաեւ Հայաստանի ակումբներում եւ այլուր: Ֆուտբոլային աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ խոսքն իսկապես խոշոր գումարների ու շատ-շատ պետքական «իրերի» գնման ու Հայաստան ուղարկելու մասին է:

 

 

Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության եւ ձկնորսության արտադրանքի ծավալը կազմել է 576 մլրդ 845.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 191.3 ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0.6%-ով։ Ինչպես  տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, գյուղատնտեսության ճյուղում ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին թողարկվել է 555 մլրդ 211.2 մլն դրամի արտադրանք (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ՝ 0.5%), որից բուսաբուծության արտադրանքը կազմել է 305 մլրդ 309.9 մլն դրամ (նվազումը՝ 0.4%) եւ անասնաբուծությանը՝ 249 մլրդ  901.5 մլն դոլար (աճը՝ 1.6%)։ Ձկնաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին թողարկվել է 21 մլրդ 633.8 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.0%-ով ավելի։ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին, 2019թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին, 2019թ. նույն ամսվա համեմատ, արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։ 2020թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% եւ 0.8% գնաճ:

 




Լրահոս